ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն շուրջ 40 դիտորդ կտեղակայի Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով

ԵՄ խորհուրդն այսօր որոշում է կայացրել 40 դիտորդ տեղակայել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկուցման նպատակով:

Այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ Խորհրդի նախագահի միջև քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի նպաստել տարածքում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջազգային սահմանի սահմանազատմանը։

«ԵՄ-ի կողմից շուրջ 40 ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով նպատակ կունենա վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը վտանգում է հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է ԵՄ-ի լիակատար հանձնառության՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին»,-ասել է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ԵՄ մոնիտորինգի կարողությունների արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից (EUMM Georgia):

Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն չի տևի երկու ամսից ավելի։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում համաձայնեցված հռչակագրին, որով երկու պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի կողմից ստացված նամակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել էր Հայաստանում տեղակայել ԵՄ քաղաքացիական առաքելություն։

Կարդացեք նաև

Back to top button