
Մինչև 2030թ Հայաստանում 3-5 տարեկան բնակչության թիվը կպակասի շուրջ 16 տոկոսով, հետևաբար կնվազի նաև դպրոցահասակ երեխաների թիվը։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը, «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմաներով հետազոտություններ է կատարել ու պարզել՝ առաջիկա 10 տարիների ընթացքում դպրոց հաճախողների թիվը 6 տոկոսով կպակասի։
Հայաստանի կրթության ոլորտի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավար Սևակ Հովհաննիսյանն ասում է, որ առհասարակ կարևոր է կրթության ռազմավարության մեջ դեմոգրաֆիկ ցուցանիշերը հաշվի առնելը։
«Այդ փոփոխություններն ամբողջ Հայաստանում համասեռ չեն։ Մենք տեսնում ենք, որ մանկապարտեզահասակ երեխաների քանակն ավելանալու է Երևանում և էականորեն պակասելու է մարզերում։ Սա շատ կարևոր է հետագայում բյուջեի կառավարման ռեսուրսների բաշխվածության տեսանկյունից»։
Հայաստանը կրթության ոլորտի վրա ծախսում է համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը՝ նկատում է հետազոտությունն իրականացրած խումբը։ Ըստ մասնագետների՝ սա ցածր ֆինանսավորում է նույնիսկ համանման պայմաններ ունեցող երկրների համեմատությամբ։ Իրականացված հետազոտությունը ցույց է տվել Հայաստանում ոչ միայն ուսուցիչների պակաս կա, այլ նաև որակյալ ուսուցիչների։ Սևակ Հովհաննիսյանը նկատում է՝ եթե մեր տեսլականում կա կրթության ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելը, ապա պետք է ունենանք նաև ֆինանսական խթաններ։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ուսուցչի միջին աշխատավարձը Հայաստանի միջին աշխատավարձի միայն 57 տոկոսն է կազմում։ Իսկ ուսուցիչների միջին աշխատավարձը աղքատության միջին շեմին շատ մոտ է, և գների բարձրացման արդյունքում շատ ուսուցիչներ դասվում են աշխատող աղքատների շարքում»,-ասում է Սևակ Հովհաննիսյանը։
Իրականացված հետազոտությունը հիմք է հանդիսացել ու հանդիսանալու «ՀՀ կրթության մինչև 2030թ ռազմավարության» ծրագրի համար։ Ռազմավարության նախագիծը Կառավարությունը ընդունել է հուլիսին, առաջիկայում այն կքննարկի օրենսդիրը։ Փորձագետները վստահեցնում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն ռազմավարությունից բխող ծրագրեր մշակելու ու իրականացնելու հարցում։

«Կարևոր է, որ պետությունն ունենա ռազմավարություն, պետությունն ունենա ռազմավարություն, որը կուղղորդի ոլորտի զարգացումը, և այդ փաստաթուղթը կլինի կիրառելի։ Ամեն մի տարին, որը մենք կորցնում ենք, ևս մեկ սերունդ է, որը լավ կրթություն չի ստացել»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Արման Գասպարյանը։
«Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմայով հետազոտությանը մասնակցել են շուրջ 1200 ուսուցիչ ու տնօրեն։ Քննարկումներ, անհատական հարցազրույցներ ու ֆոկուս խմբեր․ հետազոտության մեթոդները տարբեր էին, նույնքան տարբեր են նաև վերհանված խնդիրները։ Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանն ասում է՝ ամենաքննարկված խնդիրներից մեկը հաստիքների լրացման մեխանիզմերում առկա թերություններն են։
«Թեպետ կան հստակ մեխանիզմեր ուսուցիչների հավաքագրման համար, այսինքն` եթե կա թափուր հաստիք, ինչպես է դա լրացվում, ինչպես է դրույք հայտարարվում, բայց տնօրեններն ու ուսուցիչները ահազանգում են, որ այս մեխանիզմը չի երաշխավորում լավագույն ուսուցիչների հավաքագրում։ Պատճառներից մեկը պրակտիկ բաղադրիչի բացակայությունն է, քանի որ շատ դեպքում թեկնածուները կարողանում են հաղթահարել բոլոր փուլերը, բայց պրակտիկ փուլում արդեն դասարանում չենք կարողանում աշխատել աշակերտների հետ»,-նկատում է Կյուրեղյանը։
Մյուս ամենամեծ խնդիրը, ըստ հետազոտող խմբի, կրթական ենթակառուցվածքների խնդիրն է։ Ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանի դպրոցների գերակշիռ մասը կառուցվել է նախքան 1988թ Սպիտակի երկրաշարժը, հետևաբար դրանք չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից ստանդարտներին։




