ԿարևորՀասարակություն

Դաս կա, ուսուցիչ չկա․ Հայաստանում միայն Տավուշի մարզում ուսուցիչների պակաս չկա

Հայաստանի մարզերից միայն Տավուշում ուսուցիչների պակաս չկա։ Դասավանդող ուսուցչի կարիք ունեն հիմնականում Արմավիրի, Արարատի ու Լոռու մարզերը։ Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ունեցած տվյալների՝ որպես կանոն հատկապես գյուղական դպրոցները չեն կարողանում լրացնել թափուր մնացած բնագիտամաթեմատիկական առարկաների՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի ու աշխարհագրության ուսուցիչների հաստիքները։ Այս ուսումնական տարում ցանկին ավելացել են նաև ռուսաց լեզվի, անգլերենի, ֆրանսերենի ուսուցիչների հաստիքները։ 2021թ-ի սեպտեմբերից մարզերում աշխատող ուսուցիչների պակասը լրացնելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մարզերում  ներդրել է «E-school Armenia» նախագիծը:

«Որոշեցինք մեկնարկել «մենթոր» դպրոցների ծրագիրը, որի նպատակն էր գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների բացը լրացնել հեռավար ուսուցման միջոցով։ Ծրագրի մեկնարկից հետո 2021թ սեպտեմբերին մեզ միացան 35 գյուղական դպրոց, մյուս կիսամյակի ընթացքում այդ թիվը հասավ 60-ի, իսկ այս տարի ծրագրին միացած արդեն 85 գյուղական դպրոց ունենք»,-ասում էկենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը։

Մեխանիզմն, ըստ Ռաիսա Ավետյանի, շատ պարզ է։ Օրինակ, եթե Արմավիրի մարզի որևէ դպրոց չունի քիմիայի ուսուցիչ, կապվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ և ներկայացնում իր կարիքը։ Դրանից հետո կապ է հաստատվում մենթոր դպրոցի հետ, որի համապատասխան ուսուցիչը ուսումնական տարվա ընթացքում հեռավար դասավանդում է տվյալ առարկան, քանի դեռ դպրոցը չի լրացրել թափուր հաստիքը։ Ծրագրի իրականացման 1.5 տարվա ընթացքում Կենտրոնն արդեն ունի հեռավար դասավանդող 150 ուսուցիչ և այս եղանակով սովորող շուրջ 4500 աշակերտ ։

«Իհարկե խնդիրներ կան, բայց ես կարող եմ ասել, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է սարքավորումների պակասով, ոչ թե դասավանդման որակով, քանի որ որպեսզի հեռավար կրթությունը արդյունավետ լինի, պետք են համապատասխան սարքավորուրմներ, բայց ոչ բոլոր մարզային դպրոցներում կան այդ սարքավորումները, կամ կան, բայց ոչ անհրաժեշտ քանակով»,-ասում է Ավետյանը։

Սարիբեկ Միրզոյանը քիմիայի ուսուցիչ է, «E-school Armenia» նախագիծի շրջանակում դասավանդում է Արմավիրի մարզի Արտամետի միջնակարգ դպրոցում, որտեղ շուրջ 2 տարի քիմիայի ուսուցիչ չի եղել։ Առկա դասավանդման 9 տարվա փորձ ունի, բայց հիմա վստահեցնում է, որ բոլորովին այլ բան է հեռավար դասավանդելը։

«Շատ կարևոր է, որ հեռավար դասավանդող ուսուցիչը հեռավարի մեջ չփնտրի իր առկա դասը։ Պետք չի հեռավար դասի ժամանակ երեխային կանչել գրատախտակի մոտ, որովհետև հեռավար դասի հնարավորությունն հենց այն է, որ երեխան կարող է օրինակ՝ համակարգչով միանալ նույն գրատախտակին, որին կմիանան, օրինակ, մյուս 20 աշակերտները ևս»,-պատմում է Սարիբեկ Միրզոյանը։

Քիմիայի ուսուցիչը կարծում է, որ իհարկե, լավագույն տարբերակը կա և մնում է աառկա ուսուցումը,  երբ կարող ես աշակերտի դիմախաղից  ու էմոցիաներից հասկանալ՝ թեման յուրացրել է, թե ոչ։ Սակայն բազմաթիվ են նաև հեռակա ուսուցման առավերոթյունները։

«Այստեղ աշակերտը ուղղակի ունի հնարավորություն սեղմել այդ հեռավար դասի ձայնագրության վրա, եթե ինչ-որ բան չի հիշում և տեսնել, թե ընկեր Սարիբեկը այդ ժամանակ ինչ էր ասում, կամ ուղղակի գրել ուսուցչին և 24/7 ռեժիմով կապի մեջ լինել։ Աշակերտները հարցնում են, ասում են՝ կարող եմ գալ գրատախտակի մոտ, ասում եմ ահա ձեր օնլայն գրատախտակը բաց է՝ գալիս ես գրատախտակի մոտ ինչ անես»,-պատմում է ուսուցիչը։

Չնայած կիսամյակը նոր է սկսվել,  արդեն կարողացել են որոշ իմաստով երկու տարվա քիմիայի ուսուցչի բացակայությամբ պայմանավորվոծ բաց թողածը լրացնել։ Սարիբեկ Միրզոյանն ասում է, որ առանձին խնդիր է նաև ծնողների՝ հեռավար կրթության նկատմամբ ունեցած կարծրատիպերը կոտրելը։ Պատմում է՝ աշակերտներին խոստացել է առաջիկայում  Արտամերտ գնալ  նրանց հետ անմիջականորեն ծանոթանալու համար։ Չի թաքցնում՝ երեխաները անհամբեր սպասում են իրենց ուսուցչին։

Կարդացեք նաև
Close
Back to top button