
Հայաստանի տեքստիլագործական ոլորտի շուրջ մեկ տասնյակ ընկերություն առանձին միասնական տաղավարով ներկայացվել է Կաունասում հոկտեմբերի 7-9-ը կազմակերպված «Արտադրված է Լիտվայում» տնտեսական ցուցահանդեսին։
Հայ արտադրողների մասնակցությունն ապահովվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագիրի շրջանակներում։
Ողջունելով հայ գործընկերներին՝ ԼՀՏԱԱ-ի տնօրեն գլխավոր Աստա Տումիտըտեն նշել է, որ երկու կողմերի համար լավ հնարավորություն է ստեղծվել ծանոթանալու միմյանց կարողություններին, արտադրանքին, գտնելու նոր գործընկերներ ու շուկաներ։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներն իրենց նպաստը կբերեն երկկողմ տնտեսակական կապերի հետագա խորացմանը։
Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով հայ-լիտվական մինչ օրս եղած տնտեսական հարաբերություններին, մեծապես կարևորել է նման հարթակների պարբերաբար ստեղծման անհրաժեշտությունը, որոնք գործարար շրջանակներին փոխգործակցության, իրենց արտադրությունն ընդլայնելու նոր հնարավորություններ են ընձեռում։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Սուսաննա Խալաթյանն անդրադարձել է «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի նպատակներին և նախատեսված միջոցառումներին, իրենց կազմակերպությունների ու արտադրանքի մասին մանրամասներ են պատմել տաղավարում ներգրավված հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները։
Ցուցահանդեսի շրջանակներում մասնակից գործարարներն ունեցել են նաև առանձին երկկողմ բանակցություններ։








