
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ներում շնորհել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է, ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ելույթ ունենալով Բյուսելում հրավիրված գագաթաժողովում, որին մասնակցում են Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները: «Դա միանշանակ դրական քայլ է և հույս ունեմ, որ նա կշարունակի մյուս բանտարկյալներին նույնպես ազատ արձակել, որպեսզի հաստատի, որ արդարադատությունը չի կարող հիմնված լինել քաղաքական սկզբունքների վրա», — ընդգծել է Շուլցը:
Նախկինում Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ երկրում չկան քաղաքական բանտարկյալներ: Մասնավորապես՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի 6-ին հեռուսատահարցազրույցի ժամանակ ասել էր, որ նրանց, ում Ռուսաստանում քաղաքական բանտարկյալներ են համարում, իրականում այդպիսին չեն։
Նշենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ մտադիր է ստորագրել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին խնդրանքը: «Նա 10 տարի անցկացրել է բանտում, իսկ դա լուրջ ժամկետ է: Կարծում եմ, որ պետք է ներման վերաբերյալ որոշում ընդունել», — հայտարարել էր Պուտինը լրագրողներին մեծ մամուլի ասուլիսից հետո: «Շուտով ներման խնդրանքը կբավարարվի», -խոստացել էր նա:




