ԿարևորՀասարակությունՔաղաքական

ԱՄՆ արձագանքն Ադրբեջանի քննադատությանը՝ դեսպան Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու առիթով

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ՝ պաշտոնական Բաքվի քննադատական արձագանքին: Հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է՝ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիլիպ Ռիկերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։

«Մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ գործակցելով՝ հասնելու երկու երկրի միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- ընդգծել է Պանտելը:

Ադրբեջանը հայտարարել էր, որ Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան ասել էր․ «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի նպաստում կարգավորմանը» ։

Պաշտոնական Երևանը արձագանքել է Բաքվի հռետորաբանությանը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Ռադիոլուրին» ասել է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը ոչ ոք չի չեղարկել»։

Կարդացեք նաև

Back to top button