ԿարևորՀասարակություն

Բնիկին դարձնել քոչվոր, քոչվորին` բնիկ. ո՞վ կբռնի Ալիևի ձեռքը

Պատերազմում հաղթած ուժի կողմն է կշեռքի ծանրակշիռ նժարը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ավելացնում՝ պատերազմից հետո կրոնական տարբեր կառույցներ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոչնչացման, աղավաղման առնչությամբ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով , սակայն դրան որևէ գործնական քայլ չի հետևել։

«Ադրբեջանցին փոխվել է, 90-ականների և 2020-ականների ադրբեջանցու միջև մեծ խզում կա, մենք պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում մեր հարևանը դարձել է առավել հայատյաց, ավելի վայրագ, իսկ առկա իրողությանը միջազգային հանրության վերաբերմունքը մեկն է` բնիկին դարձնել քոչվոր, քոչվորին` բնիկ։  Կա՞ այդպիսի մի կազմակերպություն, որ Ալիևի կամ թուրքի ձեռքը կբռնի  և կկանխի Հադրութում կամ Շահումյանում հայկական եկեղեցու պղծումը։ Ցույց տվեք այդ ձեռքը։ Սրա հակակշիռը մեր հզորացումն է. պետք է հենվենք մեր սեփական ուժերի վրա, զինվենք համբերությամբ, չկորցնենք մնացորդացը և այդ հենքով կառուցենք մեր պետականությունը , տեսլականը։ Այն ամենը, ինչ մեր ազգին հարստացնում է, հզորացնում է, այդ գործիքակազմով պետք է առաջ շարժվենք` ձերբազատվելով ազգին նսեմացնող, պախարակող երևույթներից», -ասում է գերաշնորհ Տեր Վրթանեսը։ 

44-օրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ընթացքում հեղինակավոր տարբեր  հարթակներում  Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական աջակցությամբ բազմիցս ներկայացվել են ադրբեջանական հանցավոր արարքները` հայ ռազմագերիների իրավունքներն ու կրոնական զգացումները ոտնահարելու դեպքերից մինչև հայկական մշակութային հուշարձանների պղծում:

Քրիստոնյա կառույցների ղեկավարները միաձայն են, որ ցանկացած երկրի եւ ազգի կրոնական համոզմունքները պետք է հարգվեն։ Դեկլարատիվ այս խոսույթից բացի  կա՞ն արդյոք կոնկրետ առաջարկներ ներկայացված այն կառույցներին, որոնք զբաղվում են կրոնական ազատության եւ կրոնական-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով։ Արցախի թեմի հոգևոր առաջնորդը նշում է` անշուշտ նման կրոնական կազմակերպությունների հետ Մայր Աթոռն իրականացնում է համապատասխան աշխատանք, սակայն նրանց «քար լռությունը» մտածելու տեղիք է տալիս։

 «Կրոնական գերկազամակերպությունները երկակի ստանդարտներով են առաջնորդվում. կաթոլիկ եկեղեցին համագործակցում է և հայկական կողմի, և ադրբեջանական կողմի հետ, ավելին՝ Ադրբեջանի նախագահի միջոցներով վերականգնվում են կաթոլիկ եկեղեցու ապաստարանները, և սա չի կարող ազդեցություն չունենալ կողմերի նկատմամբ վերաբերմունքում»։ 

Մայր Աթոռ- միջեկեղեցական կազմակերպություններ. համագործակցային այս հարթակում գործուն ի՞նչ մեխանիզմներ կան կանխելու Ադրբեջանի սանձազերծած մշակութային եղեռնը, ապահովելու հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։

 «Ռադիոլուր»-ը հարցերի շուրջ զրուցել է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button