
Օգոստոսի 21-ին Քաջարան քաղաքը նշել է իր հիմնադրման 64-ամյակը․ օրը նշանավորվել է մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև Սյունիքի մարզային իշխանությունը։
Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրում կատարվել է հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։

Այնուհետև Գետափնյա փողոցում բացվել է հանգստյան գոտի (կառուցվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրմամբ) ու այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության կարգ։
Աբովյան փողոցում տեղի է ունեցել պուրակի բացման արարողություն, որն իրականություն է դարձել սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 36,8 մլն դրամ, որից կառավարության ներդրումը՝ 22,1 մլն դրամ, համայնքինը՝ 14,7 մլն դրամ։

Քաջարանի մշակույթի կենտրոնում Երևանի «Մոսկվայի տունը» բացել է ռուսաց լեզվի կրթամշակութային կենտրոն, որտեղ դպրոցականները ռուսերենի անվճար դասընթացների կմասնակցեն։

Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

«Մենք գտնվում ենք մի քաղաքում, որտեղ ամեն ինչի կենտրոնում մարդն է, խոսում ենք սեփական քրտինքով հացը վաստակած ու այդ քրտինքի շնորհիվ քաղաք կանգնեցրած մարդկանց մասին, ու էլ որտեղ, եթե ոչ Քաջարանում պետք է երեք կարևոր կետերի մասին խոսենք՝ միասնություն, նպատակասլացություն, ազնվություն․ դրանք այստեղ առկա են», — իր խոսքում նշել է Ռոբերտ Ղուկասյանը՝ հավելելով, որ իր տնտեսական ազդեցությամբ Քաջարանը մեծ դեր ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ հանրապետության համար։
Երեկոն Քաջարանում շարունակվել է մշակութային միջոցառումներով ու քաղաքի կենտրոնական փողոցում կազմակերպված հյուրասիրությամբ։




