
Մինչ ԵԱՀԿ ՄԽ միջնորդներն իրենց մանդատի շրջանակում իրար մեջ պարզում են սեփական տարաձայնությունները, խնդիրը, որի կարգավորմամբ պետք է զբաղվեն, սրընթաց զարգանում է մարդու իրավունքների հաշվին ու դրանց կոպիտ խախտումներով։
Աղավնոն, Բերձորը և Սուսն այսօր դատարկվում և հայաթափվում են՝ հիմքում չունենալով առանձին իրավական փաստաթուղթ։ Այն ինչ կա՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որտեղ ներկայացված են քայլերի հաջորդականությունը և այլ ժամկետեր։ Փոխարենը՝ կան մեկը մյուսի հետևից Բաքվից հնչող վերջնագրեր։
Այս ամենի ֆոնին ուշագրավ հայտարարություն է արել ռուսական կողմի ներկայացուցիչը, որը բոլորովին այլ զարգացում կարող էր ունենալ, եթե չլիներ շատ ուշ։ Աղավնոյից տեղահանվողները հերթական տունն են այրվել։
Միջազգային հանրության և միջնորդների հակասական հայտարարությունների ֆոնին ադրբեջանական կողմի պարտադրանքով լքվող Աղավնոյում այրվեց երկրորդ տունը։ Քաղաքացին ասաց՝ «իր խղճի հանգստության համար»՝ զրկվելով փոխհատում ստանալու հնարավորությունից։ Կա մոտեցում՝ փոխհատուցում է տրվում այն քաղաքացիներին, որոնք Աղավնոյից հեռանում են առանց տունն այրելու։
«Թքել եմ իրենց տված փողի վրա» ։

Աղավնոյի, Բերձորի և Սուսի արագացված հանձնումն Ադրբեջանին սկսվեց օգոստոսի սկզբին Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո։ Ստեփանակերտն այն ժամանակ հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է կատարել նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրի կետը և Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Ներկայացվող ժամկետերով՝ օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինի, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները: Տեղեկացվեց՝ ենթակառուցվածքները անջատվելու և չեն գործելու օգոստոսի 20–ից, իսկ ռուսական խաղաղապահները կվերատեղակայվեն նոր՝ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի վրա։
Այս ամենն էր հայտնի մինչ այն պահը, երբ խոսեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Այդ պահից սկսած՝ ամեն ինչն ավելի խճճվեց, և անպատասխան մնացող հարցերը շատացան։ «Ազատության» հետ զրույցում ռուս դեսպանորդը պնդել է՝ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Բերձորի՝ (Լաչին) գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։
Ըստ դիվանագետի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նշված են քայլերը եւ քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ դրա գործելը՝ ռուսական խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքն այդ ճանապարհի շուրջ։
Պաշտոնական Երևանի ժամանակացույցով՝ ճանապարհի սեփական հատվածը նախատեսվում է ավարտել հաջորդ մայիսին։ Դա չի խախտում եռակողմ հայտարարության պահանջները։
Հայաստանի վերլուծական դաշտում ենթադրում են, որ Աղավնոյի, Բերձորի և Սուսի հայաթափմամբ Ադրբեջանը փորձում է շրջափակել, նոր խնդիրներ ստեղծել Արցախի համար և արագացնել իր համար նախընտրելի լուծումը։
Մինչդեռ Միացյալ Նահանգները հերթական ազդակն է ուղարկել։ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը խոսել է հակամարտության բանակցային լուծումների մասին։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Կշարունակեն դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհների հետ, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կփորձեն օգնել՝ հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության։
Պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Խորապես մտահոգվել, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ եղել են մարտեր, զոհեր և վիրավորներ, շեշտել՝ պետք են անհապաղ քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և հետագա սրումը կանխելու համար՝ շեշտել է Նեդ Փրայսը։
«ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի խոսքով՝ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն լուծման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատանքը շարունակելուն»։
Միջնորդների այսօրինակ հայտարարություններն իրականում բախվում են գործընկեր միջնորդների հակազդեցությանը։ Տևական ժամանակ է՝ հակամարտությամբ զբաղվող միջնորդները հակամարտում են նաև իրենց ձևաչափի ներսում։ Դա է պատճառը, որ Հայաստանում սկսել են կասկածել՝ գուցե միջնորդներից ինչ-որ մեկին ձեռնտու չէ՞ խնդիրը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ կրկին տեղափոխելը։ Այդ դեպքում լուծումները մնում են նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը․
«ԱՄՆ-ն հստակ հայտարարում է, որ Արցախի ժողովուրդն իր ապագայի ընտրության հարցում տեսակետ ասելու իրավունք պետք է ունենա։ Ֆրանսիան նույն բանն ասում է անընդհատ, նույնիսկ իր երկու նախագահ ճանաչել է, իսկ Ֆրանսիայի սենատն ասել է, որ որոշակի քայլերի պարագայում կճանաչեն Արցախի անկախությունը։ Դա արդեն Կոսովոյի տարբերակով են տանում։ Նույնն անելու է ԱՄՆ-ն։ Սա զսպող մեխանիզմ է»։
Այս տեսակետի կողմնակիցները հաշվի են առնում նաև խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում, որոնց ժամկետի ուղիղ կեսն արդեն անցել է։ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը չի թաքցրել՝ եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան՝ Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում։





