
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները բանակցում են երկու երկրների ղեկավարների հանդիպման շուրջ։ Այսօր ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով:
Այո, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև», — ասել է նա՝ չնշելով հստակ ժամկետներ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ :
Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:




