ԿարևորՀասարակություն

Քովիդի նոր ալիք․ մասնագետները չեն հաստատում, չեն էլ բացառում

Համաճարակային պատկերով Հայաստանը ԵՄ չափանիշերով նարնջագույն գոտում է։ Առողջապահության նախարարությունը վերջին շրջանում Քովիդ  դեպքերի աճ է արձանագրում։  Համավարակի նոր ալիքի  մասին մասնագետները  դեռ չեն խոսում, բայց նաև չեն բացառում այդ հեռանկարը։  Դեպքերի արագ տարածումը պայմանավորում են  նոր շրջանառվող, մուտացված շտամերով։ Նշում են, որ հիվանդության վտանգավորության աստիճանը նույնն է, ինչպես օմիկրոնի դեպքում էր։ Կորոնավիրուսային պատկերը Հայաստանում ներկայացնում է Աիդա Ավետիսյանը։

Հայաստանում Քովիդ իրավիճակը նորից լարվելու նշաններ է ցույց տալիս։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ արձանագրվում է դեպքերի աճ։ Նախորդ 14 օրերի համեմատ վերջին 14 օրերին դեպքերի թիվն աճել է 206 տոկոսով, «Ռադիոլուրին»  ասել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ու նշել, որ այս թվերը, սակայն, չեն արտացոլում իրական պատկերը։ Շատերը չեն թեստավորվում։

«Հիվանդությունն ընթանում է սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով, և շատ քիչ մարդիկ են գնում թեստավորման։ Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը նախորդ 14 օրերին  3.1 –ի փոխարեն արդեն 8.5 տոկոս է կազմում։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1.47  է յոթ օրվա հաշվարկով»։

Վարակի տարածվածության  տեմպերն արագացել են, ընդ որում՝ բոլոր տարիքային խմբերում։ Սա մասնագետները  պայմանավորում են  նոր շրջանառվող  մուտացված շտամերով՝ օմիկրոնի , BA 2, BA4, BA5 ենթատեսակներով։ Այս ենթատեսակներն ավելի վարակիչ են, քան նախորդները՝ ասում է Ռոմելլա Աբովյանը։

«Պետք է նշեմ, որ օմիկրոնի դեպքում շատ կարևոր է բուստեր պատվաստում ստանալը՝ պաշտպանվելու համար հիվանդությունից։  Անգամ վարակվելու դեպքում հիվանդությունը թեթև է ընթանում։ Պատվաստված անձինք հիվանդությունը հիմնականում ոտքի վրա են տանում։ Ուղղակի այստեղ խնդիր կա։ Պետք է պարտադիր թեստավորվել, որպեսզի կանխեն վարակի տարածվածությունը»։

Քովիդի նոր ենթատեսակների վտանգավորության մասին  վերլուծություններ անելը, ըստ հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք– Նուբարյանի,  դեռ վաղ է։ Պաոտկերն ամբողջական չէ, իսկ տարածման տեսանկյունից նույնպիսին է, ինչպիսին էր օմիկրոնի դեպքում։

03 «Կարող ենք ենթադրել, որ հիվանդության ծանրության տեսանկյունից նույնը կլինի, ինչպես օմիկրոնն էր, երբ այն ավելի թեթև ընթացք էր հարուցում»։ 

Հիվանդանոցները դեռևս ծանրաբեռնված չեն։ Այս պահին հոսպիտալացված է շուրջ 40 անձ։ 4–ի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության՝ տեղեկացնում է զրուցակիցս։  Այլ հիվանդանոցներ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորելու անհրաժեշտություն առողջապահության նախարարությունը դեռ չի տեսնում։ Սակայն դեպքերի կտրուկ աճի դեպքում կգնան այդ քայլին։ Նոր ալիքի բռնկումը, սակայն,  գերատեսչության պաշտոնյան չի բացառում։

«Չի բացառվում նոր ալիքը։ Վերլուծություններն իրականացնում են ամենօրյա գրաֆիկով՝ հիվանդության դինամիկան հասկանալու համար, որպեսզի ժամանակին կանխարգելման փաթեթ մշակվի։ Չի բացառվում, որ կարող են լինել նոր սահմանափակումներ։ Կախված է համաճարակային իրավիճակից։  Շատ երկրներ կան, որ արդեն ալիքի ընթացքում են»։ 

Պատվաստվելը մնում է հիվանդության թեթև ընթացքի ապահովման լավագույն երաշխիքը՝ պնդում են մասնագետները։ Ըստ հետազոտությունների՝ բուստեր դեղաչափն առավել մեծ պաշտպանողականություն է ապահովում այս ենթատեսակի դեմ։ Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Պատվաստվողներ կան, սակայն բուստեր դեղաչափով դեռ  շուրջ 50.000 մարդ է պատվաստվել՝ ասում է Դավիթ Մելիք– Նուբարյանը։

«ԵՄ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը որոշ խոցելի խմբերին խորհուրդ է տալիս ստանալ երկրորդ բուստերը»։

Մասնագետների հորդորն է՝ վերադառնալ համաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։ Իսկ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ՝ քթից արտահոսք, բարձր ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ ունենալու դեպքում դիմել պոլիկլինիկա՝ թեստավորման։

Կարդացեք նաև

Back to top button