
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երեւանի Սայաթ- Նովա փողոցի 10-12 հասցեների բնակիչները շարունակում են թակել պետական և ոչ պետական կառույցների դռները իրենց բնակավայրում կատարվող շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով, մինչև որ կվերանան, իրենց ձևակերպմամբ, առկա խախտումները: Հարցին իրավաբանորեն լուծում տալու համար դիմել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, որն էլ հորդորել է Երևանի քաղաքապետին կասեցնել շինաշխատանքները, մինչև կվերացնեն խախտումները, սակայն որեւէ արձագանք չի ստացվել:
Քաղաքապետարանին ուղղված նամակի պատասխանի վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 24-ն է: «Մի’ պատասխանեք, ամսի 24-ը իմ պատասխանի վերջին օրն է, եթե չպատասխանեք, ապա վարչարարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն ես ձեռնամուխ կլինեմ, որ այդ որոշումն ընդունվել է և այդ շինթույլտվությունն անվավեր է հաստատվել և այդ հայցով կմտնեմ դատարան»,- ասում է Սայաթ-Նովա 12 հասցեի բնակիչների ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը։
Դատարան դիմելը անարդյունավետ է համարում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը. վառ ապացույցը Կոմիտաս 5-ի բնակիչների դեպքն է, երբ շինարարության դեմ պայքարող բնակիչները հասան նրան, որ վարչական դատարանը որոշեց, որ նրանք 40,600 դոլար պետք է վճարեն կառուցապատողին՝ շինաշխատանքները խոչընդոտելու համար: Փաստաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ նույն վտանգն էլ սպառնում է Սայաթ-Նովայի 10-12 հասցեի բնակիչներին։
Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է քաղաքապետի` մայրաքաղաքի սրտում շարունակաբար իրականացվող բազմաբնակարան շենքերի կառուցումը թուլատրելու քաղաքականությունը և բարձրաձայնում, որ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքապետարանն առանց հիմնավորումների կտրոնների նման դակում է շինթույլտվությունները:
Իրավապաշտպան կազմակերպության կոչն է կառավարությանը ուսումնասիրել այս արտագաղթի պայմաններում և աղքատության շեմին գտնվող ժողովրդի համար այսքան մեծ թվով նորակառույցների անհրաժեշտությունը, հատկապես, երբ երևանյան շատ փողոցների` Կոնդի, Արամի, Բյուզանդի բնակիչներ գտնվում են բաց երկնքի տակ, իսկ մնացածն էլ չեն ստացել իրենց համարժեք փոխհատուցումը։
Նամակում իրավապաշտպան կենտրոնը մեջբերել է նաև քաղաքապետի այն խոսքերը, որ չեղյալ են համարվում քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնք ժամանակին տրվել են բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Սակայն այսօր՝ խոսքին հակառակ, բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում, բակային տարածքի հաշվին նոր շենքեր են վեր խոյանում: Իրավապաշտպան կազմակերպության խնդրանքն է կառավարությանը` քաղաքապետարանից պահանջել շինարարության թույլտվություն տրամադրելու հիմնավորումները:
Փաստաբանների պալատի փաստաբան Ալբերտ Կանդալյանն էլ նշեց, որ կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցի կառուցումը, բնակիչների սեփականություն հանդիսացող բակում, օրինախախտում է։ Ըստ նրա` կառուցապատողները խախտել են «Քաղաքաշինության մասին» օրենսգիրքը, կառավարության որոշումները: Տեղեկությունների համաձայն`Սայաթ-Նովա 12 շենքի բակի խաղահրապարակը պատրաստվում են քանդել և կառուցել ավտոճանապարհ։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ տարածքում չորս ավտոճանապարհ կա, սակայն փաստաբանը պնդում է, որ, ըստ շինարարական նախագծի, իրականում այնտեղ միայն մեկ ավտոճանապարհ կա։




