ԿարևորՏնտեսական

Առաջին անգամ պտուղ-բանջարեղենի մթերում՝ ըստ նախապես կնքված պայմանագրերի

Այս տարի ներդրվել է պտուղ-բանջարեղենի մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմը։ Մայիսի 31-ին այդ պայմանագրերը կնքելու վերջնաժամկետն էր: Կառավարության ակնկալիքներն արդարացել են՝  1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 1500 պայմանագիր, որոնց հիման վրա պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սա ընդհանուր ծավալի գրեթե կեսն է։ Խաղողի մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետն էլ հուլիսի 1-ն է։ Մթերման խնդիրներից խուսափելու համար գործադիրը հորդորում է ժամկետը բաց չթողնել։ Բնակիչները, սակայն, դժգոհում են՝ որոշ մարզերում  ցանկանում են պայմանագրեր կնքել, սակայն կազմակերպությունները հրաժարվում են։

Ռուս-ուկրաինական ձգձգվող պատերազմն աշխարհում ավելի է խորացնում պարենի ճգնաժամին վերաբերող մտահոգությունները։ Միջազգային տարբեր կառույցներ զգուշացնում են՝ գլոբալ ճգնաժամը ոչ միայն հնարավոր է, այլև կարող է «աղետալի» հետևանքների ու սովի հանգեցնել։

Այս կանխատեսումների ֆոնին դժվարություններ ունեն արտահանող ու մթերող ընկերությունները։ Արմավիրի մարզում, օրինակ,  այս տարի խաղող մթերող կազմակերպություններն ավելի քիչ ծավալով են բերք մթերելու՝ կառավարությանը տեղեկացնում է մարզի ղեկավար՝ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Այս պահին բնակիչներից բազմաթիվ դիմումներ ունենք, որոնք ունեն ավելի շատ բերք։ Սակայն կազմակերպությունների հետ չի ստացվում ամբողջությամբ պայմանագրեր կնքել»։

Ըստ S&P կազմակերպության կանխատեսումների՝ պարենային ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը, կնվազեցնի ֆինանսական ցուցանիշները և սոցիալական կայունությունը։ Կառույցի կանխատեսումներով՝  գյուղատնտեսական ապրանքների մրցակցությունը կուժեղանա այս և հաջորդ տարվա ընթացքում, քանի որ երկրները պայքարում են ներքին պաշարներ ապահովելու համար: Հայաստանի վարչապետը ընդգծում է․

«Հաշվի առնելով այն լարվածությունը, որ ընդհանուր առմամբ կա աշխարհում պարենի հետ կապված, կարծում եմ, որ շատ բերքը լավ է, քանի որ սպառման տեղ հաստատ կգտնվի»։

Այս  տարի ակնկալվում է, որ  մթերվելու է 150 հազար տոննա պտուղ-բանջարեղեն՝  2021-ի՝ 80 հազար տոննայի  դիմաց։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս տարի   շուրջ 100 հազար տոննա բանջարեղեն, 50 հազար տոննա էլ պտուղ է մթերվելու։ Արդեն մեկ տարի  ավելի կանոնակարգված աշխատելու նպատակով պետությունը մթերող կազմակերպություններին երաշխիքներ է տրամադրում։ Վերջիններն էլ բերքը մթերում են նախապես կնքված պայմանագրերի հիման վրա։ Հուլիսի 1-ը խաղողի մթերման պայմանագրեր կնքելու վերջնաժամկետն է։

«Մենք բոլոր գյուղացիներին ու մթերող կազմակերպություններին առաջարկել ենք նախապես կնքել պայմանագրեր։ Ասել ենք, որ մենք միայն այս պայմանագրերն ենք ֆինանսավորելու։ Ըստ էության՝ դա իրենց ցանկությունն է։ Համարյա բոլոր ցանկացողները արդեն կնքել են պայմանագրերը։ Մթերող ընկերություններն է իրենց նվազագույն պահանջարկի մասով են կնքել»։

2021-ին 9 մթերող կազմակերպության 5․4 մլրդ դրամ է տրամադրվել։ Դրանցից 7-ը  խաղող մթերող  ընկերություններն  են։ Այս տարի արդեն առաջարկը վերաբերում է նաև պտուղ-բանջարեղենին, որպեսզի թե գյուղացին, թե ընկերությունները մթերման ժամանակ կանխատեսելիություն ունենան՝ աշխարհում պարենի ճգնաժամի,  աղքատության աճի կանխատեսումների ֆոնին։

ՄԱԿ-ի պարենային ճգնաժամի դեմ պայքարի համաշխարհային ցանցի  վերջին զեկույցում նշվում  է, որ աշխարհում սովն ու պարենի պակասը վերջին տարվա ընթացքում հասել են աննախադեպ մասշտաբների։ Ներկայում արտակարգ օգնության կարիք ունի ավելի քան 400 միլիոն մարդ, իսկ պարենի գները հասել են ռեկորդային ցուցանիշների։ 2021-ին պարենի սուր անբավարարության հետ բախվել և օգնության կարիք է ունեցել աշխարհի 53 երկրի գրեթե 193 միլիոն մարդ, ինչը գրեթե 40 միլիոնով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներից ևս 236 միլիոն մարդ կարիք ունի օգնության և միջոցների` հաղթահարելու գլոբալ աղետալի ռիսկի շեմը:

Հայաստանում գյուղատնտեսության անկումն  առաջին եռամսյակում կազմել է 5,4 տոկոս։ Այս ոլորտում հողային, ջրային, նաև մարդկային ռեսուրսներն արդյունավետ չեն  օգտագործվում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Գյուղատնտեսությունը պետք է  դիտարկել որպես արտադրություն, ոչ թե կենսակերպ՝ ասում է մասնագետը։

«Ավանդական պատկերացումը, որ եթե գյուղում ես բնակվում, պետք է գյուղատնտեսության մշակությամբ զբաղվես, ըստ էության, պետք է փոխվի։ Եթե մենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր մոտեցումներ կարողանանք կիրառել, ապա հնարավորություն կտա եղած ռեսուրսներով ավելի շատ արտադրանք թողարկել, ունենալ ինտենսիվ գյուղատնտեսություն, ինչն աճի նախադրյալ է»։ 

Գյուղատնտեսության ոլորտը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 11,1 տոկոսը, այս ոլորտում  զբաղված է ամեն երրորդ աշխատողը։ Հունվար-մայիսին  ոլորտում գրանցվել է 7,7 տոկոս գնաճ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ գնաճը 9 տոկոս է։  

Կարդացեք նաև

Back to top button