ԿարևորՔաղաքական

ԱԺ հերթական տապալված նիստը (ֆոտոշարք)

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ չորս խմբակցություններն այսօր կեսօրին  արտահերթ նիստ էին հրավիրել, որի օրակարգում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր ներդրումը մեկ  տարով հետաձգելու  օրենսդրական առաջարկն էր:  Արտահերթը, սակայն,  չի կայացել: Կոալիցիոն  պատգամավորները նիստին չեն ներկայացել, գրանցվել է 45 պատգամավոր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  արտահերթը  հայտարարել  չկայացած՝  քվորում չապահովվելու պատճառով:  Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել էր, թե  խորհրդարանական մեծամասնությունը հակված է մասնակցել արտահերթին  ու քննարկել վիճահարույց հարցերը: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր բացատրել է, թե ինչով է պայմանավորված խորհրդարանական մեծամասնության դիրքորոշման փոփոխությունը: 

«Ես գրություն եմ ստացել ՀՀԿ խմբակցությունից, որ նոյեմբերի 15-ին հայտարարված արտահերթ նիստին խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել և բոյկոտում է այն»,- Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությամբ մեկնարկեց ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիտսը։ Գրանցումն ուղղակի   հաստատեց, որ արտահերթը չի կայանա. «Գրանցվել է 45 պատգամավոր, քվորում չկա, գործում է 3 ժամյա ռեժիմը»:

Քվորում ապահովելու համար 3 ժամյա ռեժիմ սահմանում է ԱԺ կանոնակրգը: Սակայն  կեսօրից 3 ժամ հետո էլ քվերումն այդպես էլ չապահովվեց: Մինչդեռ՝ խորհրդարանական մեծամասնությունը նախօրեին հայտարարել էր, որ չի պատրաստվում բոյկոտել արտակոալիցիոն ուժերի նախաձեռնությունը և հակված է մասնակցել քննարկմանը:  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը , մասնավորապես «Ռադիոլուրին» վստահեցրել էր, «որևէ խնդիր չենք տեսնում, որ չմասնակցենք»:

Ի՞նչը մտափոխեց ՀՀԿ-ին, հարցնում եմ  ԱԺ փոխնախագահ, հանարապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովին։ «Նախ՝ տեղեկացնեմ, որ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով պատգամավորները կաշկանդված չեն հրամայական մանդատով և գործում են իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան, իսկ  ԱԺ կանոնակարգ հոդվածի 99-րդ հոդվածով քաղաքական խմբակցություններն ու խմբերը իրավուքն ունեն քաղաքական հայտարարությամբ հանդես հգլ, ինչն էլ կանի խմբակցության ղեկավարը ճեպազրույցների ժամանակ»։

Ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեծամասնության բոյկոտին անդրադարձավ, հիշեցրեց, որ կենսթոշակային կուտակային համակարգին առնչվող բարեփոխումները շուրջ  10 տարի քննարկվում են Հայաստանում: Բովանդակային առումով ՀՀԿ-ն իր ասելիքն ասել է ՝ասաց Գալուստ Սահակյանը։ «Շատերը կողմ էին, հետո դեմ եղան: Մենք գտանք, որ քննարկումները ոչ այնքան ժամկետի հետաձգումն էր, որքան հարցը նորից քննարկելը, իսկ բովանդակային առումով ՀՀԿ-ն իր կարծիքն ասել է, բովադակային նոր քննարկման կարիք չունենք»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Արտակոալիցոին ուժերն այս գումարման խորհրդարանում արդեն երկորդ անգամ են արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալիս և երկորդ անգամ էլ այն չի կայանում մեծամասնության բոյկոտի պատճառով: Սա արդյոք չի՞ նշանակում, որ արտահերթ նիստ հրավիրել Հայաստանի խորհրդարումն հնարավոր չէ, եթե, իհարկե,  նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնությանը չէ: Գալուստ Սահակյանն ասում , որ  փոքարամասնությունը պետք է հետևություններ անի։ «Դրա համար առնվազն պետք է քաղաքական մեծամասնություն դառանա, իսկ եթե փոքրամասնություն են, պետք է, փոքր- փոքր խոսեն ու փոքր- փոքր պայքարեն»։

Փոխարենը՝  ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն է մտահոգվելու առիթ տեսնում: Պատգամավորներն օրենսդրորեն  արտահերթ նիստ հրավիերլու իրավունք ունեն։ «Մեզ, փաստորեն, այդ իրավուքնից զրկում են, մենք հավաքում ենք ստորագրություններ, որ հարց բարձրացնենք: Մեզ տեխնիկական   ինչ-որ ձեևերով այդ իրավուքնից զրկում են: Այս առումով ես համարում եմ, որ պառլամենտարիզմը լուրջ անկում է ապրում մեր երկրում»։

Փախուստ քննարկումից. այսպես է բնորոշում մեծամասնության՝ արտահերթին չմասնակցելու որոշումը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Եթե փաստարկները հիմնավոր էին, թող մասնակցեին ու ապացուցեին, որ նախաձեռնողները ճիշտ չեն, ասում է ԲՀԿ-ական պատգամավորը։ «Եթե արգումենտները լինեին հիմնարվոր, ապա հենց մեծամասնության շահերից էր բխում  ԱԺ նիստին մասնակցելը: Այդ դեպքում գուցե կարողանային համոզել թե մեզ, թե ԱԺ մուտքի մոտ հավաքվածներին, որ իրենք ճիշտ են: Փախուստը նիստից հերթական անգամ վկայում է, որ մեծամասնությունը չունի փաստարկված, հիմնավոր դիրքոշում այս խնդրի վերաբերյալ»։

Ամեն ինչ արվում է, որ խորհրդարանում քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք հայաստանյան օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն կամ հնարավորինս քիչ կապ ունեն, սա արդեն ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փածինայանի կարծիքն է։ «Սա «աբսուրդ»  է Հովիկ Աբրահամյանի 2008թ. ԱԺ նախագահ ընտրվելուց հետո արված այն հայտարարության ֆոնին, թե ԱԺ-ի դերը բարձրացնելու են: Ազգային ժողովի դերը ճոխություններով չեն բարձրացնում, նրա դերը բարձրացնում են բովանդակությամբ»։

Հիշեցնենք, արտահերթ նիստի նախաձեռնությունը խորհրդարանական 4 արտակոալիցիոն խմբակցություններին էր: Նրանք օրենսդրական փոփոխություններ էին  առաջարկում 4 օրենքներում, որոնց ընդունումը թույլ կտար կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգել մեկ տարով, իսկ այդ ընթացքում անցկացնել մասնագիտական, հանրային քննարկումներ ու սահմանադրական բողոքարկումներ։

ՀԳ. «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի հանրահավաք և երթ է անցկացրել։ Ցուցարարներին են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներն ու ազատամարտիկները։ Բողոքի երթը շարժվել է դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ։

Կարդացեք նաև

Back to top button