Վերնատուն

«Հայկական ֆիլմ ֆորում»․ կինոոլորտի խնդիրները՝ մեկ դաշտում․ «Վերնատուն»

«Հայկական Ֆիլմ Ֆորում» տարեկան միջոցառումն այս տարի անցկացվել է երկրորդ անգամ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել, քննարկվել են 2019–2021 թվականներին կինոէկրան բարձրացած, հայկական արտադրության կամ համարտադրությամբ նկարահանված շուրջ 20 ֆիլմ, անդրադարձ է եղել կինոոլորտի արդի հարցերին։

«Հայկական ֆիլմ ֆորումի» համակարգող Վահան Խաչատրյանն ասում է, որ այս միջոցառումն ընդհանուր պատկերացում է տալիս, թե ինչ է տեղի ունենում հայկական կինոյի ոլորտում․ ինչ է արտադրվում, ինչ է նայում հանդիսատեսը։

Ասում է, որ մտայնություն կա, որ կինոն ժամանակին զուգընթաց չի քայլում, բայց հետաքրքիր օրինաչափությամբ բոլոր ֆիլմերը՝ լավ կամ վատ, արդի խնդիրների մասին են խոսում։

Վահան Խաչատրյանը կարևորում է այն, որ կինոյի ոլորտի կազմակերպություններն ու մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ու երկխոսելու հնարավորություններ են ունենում, բարձրաձայնում իրենց հուզող խնդիրները։

«Կուզեի, որ լայն համագործակցություն լիներ ոլորտի պետական հիմնարկների միջև՝ բուհ– նախարարություն–Կինոկենտրոն– Կինոարխիվ և այլն, այդ համագործակցության արդյունքում փոփոխություններ տեղի կունենան։ Մենք, որպես անկախ կազմակերպություն, փորձում ենք բոլորին բերել մի դաշտ», – ասում է Վահան Խաչատրյանը և հավելում․ «Մենք ունենք լավ փոփոխություններ․ շատ լավ կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանվում, որոնք ցուցադրվում են հայտնի փառատոններում, վաղը այդ երիտասարդները կարող են շատ հետաքրքիր լիամետրաժ ֆիլմեր նկարել»։

Back to top button