
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Իրանա- ադրբեջանական սահմանին նոյեմբերի 6-ին գրանցված միջադեպն առայժմ չի հարթվում։ Ավելին՝ նոյեմբերի 8-ից իրանական կողմը փակել է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր անցակետերը: Պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան, չի տրվում նաև այն հարցի պատասխանը, թե երբ կբացվեն սահմանային անցակետերը: Հայտնի է, որ սահամանային լարվածության առիթը Նախիջևանի հատվածում գտնվող սահմանային անցակետում գրանցված միջադեպն էր. իրանական կողմից կրակ է բացվել Արաքս գետի ադրբեջանական ափին աշխատող տրակտորի ուղղությամբ: Ադրբեջանը հարցում է ուղարկել գնդակոծության պատճառների մասին, որից հետո էլ փակվել են հսկիչ սահմանային անցակետերը: Սահմանային անցակետերն իր հերթին փակել է նաև Իրանը։
Իրանա- ադրբեջանական սահմանին նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել, բայց պաշտոնական բացատրություններ դեռևս չեն տրվել: Իրանական կողմը տեղի ունեցածի մեկ պաշտոնական վարկած է ներկայացնում: Ըստ դրա՝ նոյեմբերի 6-ին անհայտ անձը Պոլդեշտից ոչ հեռու կրակ է բացել տրակտորի վրա, որից հետո Ադրբեջանն առանց նախազգուշացման փակել է սահմանային անցակետը: Հաջորդ օրը իրանական կողմից նախազգուշացում է հնչել, որ սահմանը փակ պահելու դեպքում հակադարձ գործողություններ կլինեն։ Նախազգուշացումն անպատասխան է մնացել, ինչից հետո էլ արդեն իրանական կողմն է փակել Ջուլֆայի և Բիլեսավարի սահմանայաին անցակետերը:
Նոյեմբերի 8-ից փակ են Ադրբեջան- Իրան սահմանային բոլոր անցակետերը: Նկատենք, որ երկու երկրների սահմանին գործում է հինգ անցակետ՝ երկուսը Նախիջևանում, երեքը՝ Ադրբեջանի հարավում։ Իրանագետ Ռուդիկ Յարալյանի կարծքիով՝ հիմանական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը։ «Իրանական կողմին այս պահին բոլորովին պետք չեն խնդիրներ Ադրբերջանի հետ, ինչը չէի ասի վերջինի համար: Այս միջադեպը Ադրբեջանը կարող է որպես հարմար առիթ օգտագործել սահմանային անցումները դժվարացնելու համար»։
Իսկ նման խնդիր այս երկիրն ունի: Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանին ավելի ու ավելի է մտահոգում ժողովրդական մակարդակով հայ-իրանական շփումների ինտենսիվացումը, մասնավորապես, այդ շփումների թալիշական բաղադրիչը։ «Երբ թալիշները շփումներ ու ազատ ելումուտ են ունենում Իրանի հետ, դրանով ավելի է ամրապնդվում նրանց իրանական ինքնագիտակցությունը, ինչը սպառնալիք է Ադրբեջանի իշխանությունների համար, որոնք ամեն կերպ փորձում են ժխտել թալիշական ինքնությունը»,- ասում է Յարալյանը։
Մյուս կողմից՝ իրանագետի կարծիքով՝ Ադրբեջանի այս քայլը կարող է մեսիջ լինել աշխարհի գերտերություններին, որ Ադրբեջանը եղել և շարունակում է այս տարածածրջանում հակաիրանական գործոն մնալ: Այլ կերպ՝ սա գերտերություններին հաճոյանալու Ադրբեջանի հերթական փորձն է։ «Իսկ ինչո՞ւ է սա պետք Ադրբեջանին: Այս երկրում խայտառակ նախագահական ընտրություններից հետո նկատելի են ճնշումներ իշխանությունների նկատմամբ, և այս կերպ Ադրբեջանը փորձում է հաճոյանալ գերտերություններին»։
Իրանագետի կարծիքով, սակայն, Ադրբեջանի այս գործողությունները ժամանակավրեպ են, քանի որ Իրանի նոր նախագահի պաշտոնավարման հենց սկզբից նկատվում է Իրան- Արևմուտք հարաբերությունների կարգավորման միտում։ Վերլուծաբանը կարծում է, որ սահմանային միջադեպը կամ սադրանքը լուրջ հակամարտտության չի վերաճի, դրանից, սակայն, իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը չի նվազի։




