Թուրքիան սկսել է ինքնուրույն խաղը. ՄՄ անդամակցության հարցը` ԵՄ- ին ուղղված մեսիջ
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Թուրքիան չկարողանալով հաղթանակ գրանցել սիրիական խնդրում, փոխում է քաղաքականությունը: Անկարան զինյալներին օգտագործում է ոչ միայն սիրիական կառավարության, այլև քրդերի դեմ։ Արդեն կամաց-կամաց կարծես ապացուցվում է, որ Սիրիայում քիմիական զենքը ներկրվել է դրսից ու այդ երկիրը մեր արևմտյան հարևանն է։
Թուրքիան ինքնուրույն խաղ է սկսել և այդ խաղի շրջանակներում էր նաև Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, թե Թուրքիային պետք է ընդգրկել Մաքսային միություն։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ դա մեսիջ էր ուղղված ԵՄ-ին, որը երկար ժամանակ է ինչ դադարեցրել է Թուրքիայի հետ բանակցությունները։ «Դա խաղ է, որն այնքան երկար չի շարունակվի, որ իրականություն դառնա»,- կարծում է Սաֆրաստյանը։
Իսկ եթե ենթադրենք, որ հնարավոր է իրականություն դառնա Թուրքիայի` ՄՄ անդամակցությունը, ապա Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ այդ դեպքում պետք է խոսք ասի նաև Հայաստանը, եթե իհարկե Հայաստանը ՄՄ լիարժեք անդամ դառնա։
Իսկ ի՞նչ կփոխվի հարավկովկասյան տարածաշրջանում Վրաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Շատ քաղաքագետներ կարծում են, թե Մարգվելաշվիլիի ընտրվելով Վրաստանում կթուլանա թուրք-ադրբեջանական գործոնը։ «Ես չեմ կարծում, թե կթուլանա գործոնը»,- ասում է թուրքագետը։
Ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի՝ Ադրբեջանը չի շտապում ոչ Եվրամիության ուղղությամբ ընթանալ, ոչ դեպի ՄՄ։ Պաշտոնական Բաքուն չի ձգտում որևէ դաշինքի մեջ մտնել, քանի որ, ըստ Սաֆրաստյանի, նավթ ունի և դրանով ավելի ինքնուրույն է դառնում: Իսկ ղարաբաղյան խնդրում որևէ փոփոխություն, ըստ բանախոսի, սպասել պետք չէ։