
Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը 85 տոկոս է, կեսից ավելին՝ 45 տոկոս, արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Ցուցանիշները բարելավելու, սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը կրճատելու համար, արդեն 7 տարի, գործում է «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (stand for life) ծրագիրը: Սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկի համապատասխան ցուցումների առկայությամբ, իրականացվում է անվճար ստենտավորում:
Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը 4-6 տոկոս է՝ շատ մոտ եվրոպական զարգացած երկրների ցուցանիշին։ Թվերը նվազել են սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շնորհիվ։ Մեկնարկը 2015 թ–ին էր։
Այն ժամանակ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում պետպատվերի շրջանակում ոչ դեղապատ ստենտ էր տեղադրվում, մահացության ցուցանիշը 8-10 տոկոս էր։
ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանին լսենք․

«2018-ից ծրագրի շրջանակում տեղադրվեցին արդեն դեղապատ ստենտներ, իսկ 2019-ից ծրագրում ընդգրվեցին ինֆարկտի դեպքերը: 2015 թվականին ծրագրի շահառու էր դարձել 1500 պացիենտ, իսկ 2021-ին՝ 2200 պացիենտ»:
Ծրագրի շահառուները 60-65 տարեկան անձինք են: Նրանց 70 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներն են: Տարիների ընթացքում ծրագրի ֆինանսավորումն ավելացել է, բուժման հնարավորությունները՝ ընդլայնվել,–ասում է Առողջապահության նախարարության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը․
«2018 թվականից միջամտությունը կատարվում է դեղապատ ստենտով: Ծրագիրը, մեկնարկի շրջանում, իրականացվում էր շուրջ 10 բժշկական հաստատություններում։ Դրանց հիմնական մասը Երևանում է, 2-ը՝ մարզային: Հետագայում ընդլայնվել է ծրագրի իրականացման աշխարհագրությունը»։
Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը նաև մտահոգող մեկ ցուցանիշ է ներկայացնում։ Ասում է՝ ծրագրի շահառուները, որոնց սիրտն ստենտավորում են, որոշ ժամանակ անց նորից են իրենց դիմում։ Նրանց մեծ մասը չի հետևում բժշկի խորհուրդներին, ու առաջանում է կրկնակի ինֆարկտի ռիսկ:
«Հիմնականում պատշաճ ձևով չեն հետևում բժշկի խորհուրդներին: Ոգևորվում ենք այս կյանք փրկող ստենտավորման ծրագրով, բայց շատ դեպքերում, հենց հիվանդների մեղքով, կրկին վիրահատության կարիք է լինում: Նրանք պարտավոր են ընդունել դեղորայք, չծխել, սակայն հիմնականում չեն հետևում»։
2022 թվականին, պետբյուջեով, «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրի համար նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ։




