ԿարևորՏնտեսական

Արագացնել Հյուսիս–Հարավի շինարարության ընթացքը․ տնտեսագետը՝ արդյունավետ բեռնափոխադրումների մասին

Լարսի պարբերական խցանումներն  ու աշխարհաքաղաքական փոփոխվող իրողությունները շարունակում են մտահոգել տնտեսվարողներին ու բեռնափոխադրողներին։ Տնտեսագետները խոսում են այլ ուղղություններով փոխադրումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին, բեռնափոխադրողները նշում են դիզվառելիքի թանկացման ու հնարավոր գնաճի խնդիրները։

Ողջ աշխարհում բեռնափոխադրումները թանկանալու միտում են դրսեւորում՝ ասում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, հիշեցնում՝ բեռնաբոխադրումները արդեն 6-7 ամիս է թանկացել են ու դեռ էլի կթանկանան, քանի որ դիզվառելիքի գները բարձրանում են ամբողջ աշխարհում։ Բեռնափոխադրումների թանկացումը սկսվել է Քովիդի շրջանից․հենց այդ փուլում ծովային խոշոր բեռնափոխադրող ընկերությունները տրանսպորտային կոլապսի մեջ հայտնվեցին, հետո կորուստները վերականգնելու նպատակով թանկացրին  ծովային փոխադրումները, որը շղթայական ազդեցություն ունեցավ նաեւ փոխադրումների մյուս ուղղությունների վրա։

Համաշխարհային առեւտրի ու փոխադրումների  95 %–ը տեղի է ունենում ծովով, ինչը նշանակում է, որ ծովային փոխադրումների թանկացումը բերում է ապրանքների թանկացման՝ բացատրում է «Ապավեն»  բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը․

«Այո, աննախադեպ թանկացում է սկսվել․ որոշ ուղղություններով՝ շուրջ 200-300 %–ով,որոշ ուղղություններով չնչին փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայաստանից դեպի Եվրոպա արտահանման գները պահպանվել են, բայց Չինաստանից Հայաստան ներկրումը 300%–ով թանկացել է։Այսինքն՝ հիմա տեղի են ունենում պրոցեսներ, որոնք հասկանալու, անալիզի ենթարկելու կարիք կա, որից հետո կարելի է հեռանկարային պատկերացումներ կազմել, թե ինչ կարող է լինել։ Մեր պատկերացումներով՝ գների բարձրացումը դեռ երկար կպահպանվի»։

Որոշ ապրանքատեսակների դեֆիցիտը առեւտրի կետերում միայն բեռնափոխադրումային խնդիրներով  պայմանավորված չէ,  կապ ունի նաև,  թե որ երկրից ինչ ապրանք է ներկրվում։ Օրինակ՝ Վերին Լարսում դեպի հարավ իջնող 6-7 հազար բեռնատարներ դեռ կանգնած են, դրանց մի մասը Հայաստան եկող բեռնատարներ են՝ բացատեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրենը։

Միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը բեռնափոխադրումների թանկացումը պայւմանավորում  է նաեւ Վերին Լարսի եղանակային պայմաններով ու դրա հետևանքով  ստեղծված իրավիճակով։ Սակայն համոզված է, որ իրավիճակի կայունացմանը զուգահետ բեռնափոխադրումների գինը կնվազի․

«ՌԴ–ից Հայաստան բեռնափոխադրումների մասով հետագա թանկացում չի սպասվում, ասեմ ավելին՝ դեռ էժանացում է սպասվում, քանի որ արդեն եղանակային պայմանները թույլ են տալիս մեքենաների ազատ տեղաշարժը։ Մեքենաներ կան, որ 40-45 օր հերթ են կանգնել, ու ավտոմատ դրանց պահանջարկը մեծացել էր։ Մեքենաների պահանջարկը մեծացավ նաեւ ռուբլու կուրսի ազդեցությամբ․ այսինքն՝ երբ ռուբլին սկսեց էժանանալ, բոլորը սկսեցին իրենց միջոցները չկորցնելու համար որոշակի ապրանքներ ձեռբ բերել ռուբլով, որպեսզի բերեն, Հայաստանում վաճառեն դրամով․ այդ դեպքում կորուստ քիչ կունենային կամ չէին ունենա, նույնիսկ կարող է շահույթով դուրս գային։ Էս ֆոնին մեքենաների պահանջարկը բարձրացավ»։

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը  վստահեցնում է, որ Հայաստանից ՌԴ արտահանումներ իրականացվում են, բայց ոչ այն չափով, որով նախկինում էր։ Ռուբլու անկումը  ռիսկային կամ ոչ շահութաբեր է  դարձրել արտահանումը, որոշ ապրանքատեսակներ ընդհանրապես չեն արտահանվում Ռուսաստան՝ ասում է․

«Որոշակի ապրանքատեսակների մասով ունեցանք նվազում, բայց հիմա բավականին կարգավորվել է,  արտահանում իրականավցում է։  Գինու, օղու, կոնյակի արտահանումն է նվազել»։

Դիզվառելիքի թանկացման պայմաններում ծովային, օդային, երկաթուղային բեռնափոխադրումների համամտությամբ ամենաէժանը ավտոճանապարհային փոխադրումներն են, ինչը նշանակում է, որ Չինաստանից ու Եվրոպայից Հայաստան փոխադրումներն ավելի  թանկ են։ Իսկ Ռուսաստանից բեռներ տեղափոխելն ամենամատչելին է, հատկապես եթե հաշվի առնենք նաեւ ռուբլու անկումը․

«ՌԴ–ում դիզվառելիքը քիչ է թանկացել, իսկ քանի որ կուրսի մեջ մեծ տարբերություն կա նախորդ տարիների համեմատ, դիզվառելիքը ձեռնտու է լիցքավորել Ռուսաստանում»։ 

Տնտեսագետ Գրիգոր Նազարյանի կարծիքով՝ դիզվառելիքի թանկացումը կարող է ապրանքների գների թանկացման բերել․

«Դրանք այն փոփոխուն ծախսերն են, որոնք մշտապես բաժին են հասնում սպառողին։ Իհարկե, դրա արդյունքում կարող է եւ վճարունակ պահանջարկը կրճատվել, ինչը այլ ապրանքների գնագոյացման դեպքում էլ տեսնում ենք։  Ծավալների նվազման որոշակի միտումն արդեն  առկա է»։  

Խնդիր չի լինի Ռուսաստանից հացահատիկի ներկրման հարցում՝ համոզված է տնտեսագետը՝մանրամասնելով, որ սահմանափակմնները վերաբերում են այլ երկրներ ռուսական հացահատիկն արտահանելուն։ Ինչ վերաբերում է Իրան–Հայաստան բեռնափոխադրումների արդյունավետությունը մեծացնելուն,  տնտեսագետ կարեւորում է Հյուսիս–Հարավ ճանապարհի արագ կառուցումը, նկատելով, որ այդ գործը պետք է վստահել միջազգային մասնագիտացված  ընկերություններին, օրինակ չինական ճանապարհաշինարարական ընկերություններին։ Պետք է մտածել ոչ միայն Քաջարան–Սիսիան, այլեւ Սիսիան–Երասխ ճանապարհի կառուցման,ինպես նաև Լարսին այընտրանք ստեղծելու մասին՝ ասում է մասնագետը։

Կարդացեք նաև

Back to top button