ԿարևորՏնտեսական

Շուկայում հայկական ձեռագրով զարդերը կավելանան․ Երևանում բացվել է ոսկերչական նոր ֆաբրիկա

Երևանում բացվել է ոսկերչական նոր ֆաբրիկա։ Ներդրվել են Հայաստանի համար նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Շուրջ 25 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Հիմնադիրները վստահեցնում, իսկ պատկան կառույցները հույս են հայտնում, որ նոր արտադրությունը երկրում որակ կփոխի, նաեւ ոսկե զարդերի տեղական արտադրության շուկայում հայկական ձեռագիր կերեւա։ Էկոնոմիկայի նախարարն իր հերթին խոստացել է ոսկեգործության ոլորտին օժանդակություն ցուցաբերել՝ վերադարձնելու ոսկերչական խոշոր արտադրողի երբեմնի համբավը։ Աիդա Ավետիսյանն է ներկայացնում։  

Մեկ տարում՝ շուրջ 15 մլն գրամ․ եթե անգամ քաշը միլիոնների է հասնում, միեւնույն է, չափում են ոչ թե կիլոգրամներով, այլ գրամներով ու խոստանում տարեկան մոտավորապես այդքան արտադրանք տալ։ Խոստումը Երևանում նոր բացված ոսկերչական ֆաբրիկայի հիմնադիրներինն է։ Նոր սարքավորումներ, տեխնոլոգիական նոր լուծումներ․ ակնկալվում է, որ նոր արտադրության հիմնումը կավելացնի ոսկերչական իրերի  արտադրությունը երկրում, որակապես կփոխի արտահանման պատկերը՝ ասում է ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանը։

«Բավական մեծ քանակի՝ 100–ից ավել ոսկե և արծաթե շղթաներ ենք արտադրում։ Մեզ մոտ արտադրվում են այնպիսի շղթաներ, որոնք տարածքում չեն արտադրվում՝ սնամեջ ոսկե  և արծաթե իրեր։ Եթե ոսկե իրերն արտադրվում են Ռուսաստանում կամ Թուրքիայում, ապա արծաթե իրերը ոչ մի տեղ չեն արտադրվում։ Ինչն է դրա առավելությունըունենալով նույն հատկությունները,  ապրանքային տեսքը, դրանք երկու անգամ թեթև են իրենց անալոգներից և բնական է՝ ավելի մատչելի են»։    

Այս ֆաբրիկայում հնարավոր է դեղին ոսկուց ստանալ սպիտակը։ Հայաստանը կլինի տարածաշրջանում առաջինը, որը կարտադրի սպիտակեցնող նյութը՝ ռոդիում սուլֆատը։ Նոր արտադրությունը նոր հույսեր է տալիս նաեւ էկոնոմիկայի նախարարին։ Վահան Քերոբյանը կարևորում է ոչ միայն բարձր տեխնոլոգիական լուծումներով  արտադրության հիմնումը, այլեւ այն, որ հայկական մակնշմամբ որակյալ ու ճաշակով իրեր կարտադրվեն։ Նախարարը նաեւ ոսկեգործության ոլորտի խթանման խոստում է տվել․ 

«Մենք պլանավորում ենք ոլորտին լայնամասշտաբ օժանդակություն ցուցաբերել, որպեսզի մեր երկրին վերադարձնենք ոսկերչական խոշոր արտադրողի երբեմնի համբավը»։

Նորաբաց ոսկերչական ֆաբրիկան նաեւ հատուկ լուծույթներ կարտադրի՝ նյութեր, որոնք օգտագործվում են ոսկերչական արտադրությունում ռոդիումապատման, ոսկեջրման ու պլատինապատման համար։ Այդպիսով տեղական արտադրանքով կփոխարինվեն ներմուծվող գալվանական լուծույթները, կարող են նաեւ ԵԱՏՄ երկրներ արտահանվել։ 

Ֆաբրիկան իր աֆինաժի՝ ոսկու զտման արտադրամասում հնարավորություն ունի ամսական զտել ավելի քան 500 կգ մաքուր՝ 999 հարգի ոսկու ձուլակտոր թե՛ հանքանյութից, թե՛ ոսկու ջարդոնից։ Աֆինաժի արտադրամասից ոսկին անցնում է ձուլարան։ Այստեղ 999 հարգի ոսկին ձուլվում է,  ստանում անհրաժեշտ հարգը, և արդեն սառեցված հեղուկ ոսկին գնում է զարդ դառնալու՝ բացատրում է 2.5 տարի այս ոլորտում աշխատող Սլավա Նանյանը։

«Ես այստեղ ստանում եմ հարգը, իրենք ինչ հարգ որ տալիս են դոկումենտով։ Հարգը սարքելուց հետո լցնում եմ այստեղ և այսպես պալասա եմ տալիս իրենց, որը գնում է արդեն արտադրության՝ մատանիներ , վզնոցներ, շղթաներ և այլն»։   

Ձուլարանից ոսկին գնում է արտադրամաս՝ որպես զարդ ծնվելու։  Իսկ արդեն հղկման սենյակում այն փորձում են տեսքի բերել․

«Ձուլարանից գալիս է, գործվում է, վերջնական տեսքի է բերվում վզնոցը, հետո տալիս են մեզ, մենք հղկում ենք։ Երբ պատրաստվում է վզնոցը, կլոր է լինում, մենք հղկում ենք, հարթեցնում ու հանձնում  ենք ստուգողներին։  Մնացած գործընթացներն արդեն այս սենյակից դուրս են կատարվում»։   

Ֆաբրիկան կարող է նաեւ տեղական այլ արտադրողների անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ՝ մետաղալարեր, փականներ, շղթաներ և այլ տարրեր մատակարարել։ Աշխատանքի առաջին փուլում ֆաբրիկան շուրջ 350 աշխատակից կունենա։ 135-ն արդեն աշխատում են, 80-ն էլ  վերապատրաստվում է՝ անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։ 

Կարդացեք նաև

Back to top button