
Հայ–թուրքական հարաբերությունների հաստատման հարցում զգուշավորություն կա թե՛ թուրքագետներ, թե՛ տնտեսագետների շրջանում։ Մանրակրկիտ հաշվարկ է անհրաժեշտ՝ հայ արտադրողին չվնասելու, բանակցություններում թուրքական քողարկված նախապայմանները չընդունելու համար, –ասում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Թեեւ այսօր հայտարարվում է, թե հայ–թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, ակադեմիկոսը շեշտում է կենսական հարցերում զիջումների չգնալու կարևորությունը։
Ի տարբերություն Բաքվից ներկայացված հինգ առաջարկների՝ հայ–թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որեւէ նախապայման չկա՝ այս մասին վկայում են թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ Անկարան։ Փորձագետները, սակայն, ասում են՝ բավական է , որ Հայաստանն անտեսի ադրբեջանական առաջարկները, եւ հայ–թուրքական գործընթաց տեղի չի ունենա։ Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ավելի վաղ առաջ քաշված թուրքական երեք նախապայմաններն անպայման կհայտնվեն հայ–թուրքական բանակցությունների սեղանին, և ոչ միայն․
«Այո, բոլորս էլ հասկանում ենք, որ եթե կոմունիկացիաները գործեն, սահմանները բացվեն, կնպաստի զարգացմանը եւ դրան պետք է ձգտել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան դրա համար գին է դնում։ Ինքը միակողմանի փակելով սահմանը ՀՀ–ի հետ, բլոկադայի ենթարկելով՝ փորձում է սահմանը բացելու համար ստանալ մեծ գին։ Թուրքիան ուզում է, որ մենք հրաժարվենք ցեղասպանություն խնդիրը հետապնդելուց, հրաժարվենք Արցախի բնակչության իրավունքները պաշտպանելուց, ընդունենք Կարսի պայմանագիրը, որն անարդարացի է, համաձայնենք Զանգեզուրի միջանցքի հետ։ Եթե մենք այդ հարցերում գնանք զիջումների, որոնք ունեն մեզ համար սկզբունքային կարեւոր նշանակություն, ապա կնշանակի մենք մեր ինքնության մի մասից ենք հրաժարվում»։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարեց, թե ՀՀ բնակչությունը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
Ինչպե՞ս եւ ի՞նչ հարցերի հիման վրա է պարզ դարձել, որ հայերը կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, հարցնում են քաղաքական գործիչները։
Ընդդիմությունը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած հարցման տվյալներ է հրապարակել, որտեղ երեւում է, որ հարցմանը մասնակցել է 1512 չափահաս անձ։
Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերից որոշները վերաբերում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի՝ Հայաստանի համար սպառնալիք լինել-չլինելուն։
Ըստ այդմ, հարցվածների միայն 5 տոկոսն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն համարում, հարցվածների 73%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը»։ Իսկ հարցվածների 70%-ը «համաձայն» կամ «որոշ չափով համաձայն» է, որ երկխոսություն սկսվի՝ Հայաստանի առաջ քաշած նախապայմաններով՝ օրինակ, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտի։
Հարցվածների 44%-ը որևէ պարագայում համաձայն չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ակադեմիկոսը կողմ է սահմանների բացմանը, բայց ոչ մեր ինքնությունից հրաժարվելու գնով»։
«Ռուսաստանի ներկայացուցիչը Օվերչուկը հայտարարեց, որ ոչ մի միջանցքի մասին խոսք չկա, կոմունիկացիաների մասին է խոսվում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը համառորեն օգտագործում են «կորիդոր» բառը։ Ես կարծում եմ, որ դա միտումնավոր են անում։ Ինչու, որովհետեւ սրանից մի քանի ամիս առաջ թուրքական պետական ռադիոյի եւ հեռուստատեսության TRT–ն իր կայքի վրա, որը անգլերեն է եւ նախատեսված է արտասահմանի համար, քարտեզ էր տպագրել, որտեղ Սյունքի վրա գրված էր «Զանգեզուր կորիդոր», այսինքն, սա է Թուրքիայի հեռահար ստրատեգիական նպատակը»։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ այլ տարբերակ է դիտարկում։ Հնարավոր է, որ Անկարան հայտարարի ու բացի սահմանը Հայաստանի հետ։ Դրան պետք է պատրաստ լինել, քանի որ Վրաստանում ու Բալկաններում թուրքական ներկայությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի ներկայությունը միայն տնտեսական գործունեություն չի ենթադրում, այդ երկիրը փորձում է քաղաքական ազդեցությունը մեծացնել։ Դրա համար պետք է մանրակրկիտ ու բովանդակային վերլուծական աշխատանք տարվի տնտեսական եւ անվտանգային հարցերում»․
«Լինելով ԵԱՏՄ անդամ՝ պետք է կարողանանք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ մեր տնտեսությունը, ներքին շուկան պաշտպանենք, թույլ չտանք, որ թուրքական ապրանքները հոսեն Հայաստան»։
Թուրքագետների վերապահումների ֆոնին, զգուշությամբ են հայ–թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման մասին խոսում նաեւ տնտեսագետները։ Եթե անվտանգության միջոցառումներ չձեռնարկվեն, հայկական ապրանքը թուրքականի հետ չի կարող մրցել։ «Դա նույնն է, թե գայլին ու փիսիկին փակեն սենյակում ու ասեն՝ մրցեք»– «Ռադիոլուր»–ի հետ զրույցում օրերս ասել էր տնտեսագետ Վահրամ Միրաքյանը։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը եւս զգուշավոր է խոսում թուրքական շուկայի՝ Հայաստան մուտք գործելու մասին․
«Թուրքական ապրանքները մի առավելություն ունեն ողջ աշխարհում․ գնի էժանությունը։ Թուրքական վտանգն այն է, որ եթե ներխուժի հայկական շուկա, կարող է ճնշել տեղական արտադրողներին։ Հայաստանում երեք կարեւոր էներգակիրներ թանկանում են՝ գազ, ջուր եւ հոսանք, եւ դա էականորեն ազդելու է ապրանքների գների վրա։ Մենք փոխանակ գնանք այնպիսի քայլերի, որ մեր ապրանքների մրցունակությունը բարձրանա, թանկացնում ենք էներգակիրները։
ՀՀ–ում աշխատուժը էդքան էլ էժան չէ արդեն, որովհետեւ թանկացումները իրենց հերթին բերում են եկամուտների նվազման։ Հայաստանի հաջորդ պրոբլեմն այն է, որ փոքր ծավալներով ենք արտադրում»։
Տնտեսագետը չի բացառում, որ թուրքական արտադրանքից բացի Թուրքիայից Հայաստան բերվի նաև էժան աշխատուժ, ինչը լուրջ վտանգ կարող է լինել անվտանգության համար․
«Կսկսեն կապիտալ ու անշարժ գույք ձեռք բերել։ Կարող է անվտանգության հարց առաջանալ, պետական կառույցների տեղեկություններին կարող են տիրապետել»։
Որքան թուրքական կապիտալը մեծանա, այնքան կմեծանա որոշումների վրա ազդեցությունը՝ զգուշացնում է նաեւ տնտեսագետը։ Նման բան թույլ չտալու համար ծայրահեղ զգուշություն է պետք․ զրուցակիս հուշում է․ եթե Թուրքիան ուզում է տարածաշրջանում ազդեցություն ունենալ, կարող է մեծաքանակ արտադրանք մատակարարելով դուրս թողնել տարածաշրջանից Ռուսաստանին ու ռուսական արտադրանքը։
Տնտեսագետը թուրքական ապրանքների վրա արգելք դրված ժամանակահատվածում հաշվարկներ է արել ու պնդում է, որ մեր երկրի ապրանքաշրջանառությունը Իրանի հետ կարող է հասնել մինչեւ մեկ մլրդ դոլարի։ Նախորդ տարի, երբ արգելված էր թուրքական ապրանքների մուտքը Հայաստան, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 500 մլն դոլար, մինչդեռ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը, մինչև արգելքի սահմանումը, եղել է 260 մլն դոլար։ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ այսօր, թեև արգելքը հանված է, Հայաստանում չեն շտապում Թուրքիայի հետ առեւտուր անել․ նախապատվությունը տալիս են իրանական ու ռուսական ապրանքներին։





