
Արմավիրի մարզում սկսվել է պետության կողմից սուբսիդավորվող պարարտանյութերի ձեռք բերման ցուցակագրումը: Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունը վճարելու է մինչև 3 հա հողօգտագործողների պարարտանյութի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամ՝ 1 պարկի դիմաց: Ծրագրին մասնակցող շահառուները համայնքապետարաններ պետք է դիմեն մինչև մարտի 21-ը, իսկ պարարտանյութերի վաճառքի վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
Դեռ 2 ամիս առաջ հողագործները պարարտանյութի գնի եռակի թանկացումից մտահոգվեցին. բարձրորակ բերք չեն ունենա, իսկ հողն ուժազրկված է ու պարարտացման կարիք ունի: Թանկացումները բուռն քննարկումների առիթ դարձան, գյուղացիները վրդովվեցին, բայց չհուսահատվեցին. շարունակելու են զբաղվել հողօգտագործմամբ, հողը պարապ չեն թողնելու: Այս կարծիքին է նաև զրուցակիցս, որը չցանկացավ ներկայանալ։ Նա ծիրանի այգիներ ու վարելող է մշակում.
«Ուզեմ թե չուզեմ, հողը պետք է մշակեմ: Ծախս եմ արել՝ արդեն վարել եմ, լոլիկի սերմ եմ ձեռք բերել: Հողերին պարարտանյութ տալիս եմ: Անցած տարի 1 պարկ պարարտանյութն արժեր 7000-9000 դրամ, հիմա ՝ 18000-20000 դրամ: Այդ գնով ազոտական պարարտանյութը մեզ ձեռք չի տալիս, որ գնենք ու տանք այգիներին: Ստիպված եկամուտից պիտի զրկվենք, բանկերի պարտքը չկարողանանք վճարել: Չգիտեմ՝ պետությունը պետք է մի լուրջ բան մտածի, ֆինանսավորի գյուղատնտեսությունը»:
Պետության աջակցությունը չուշացավ. Կառավարությունը սուբսիդավորելու է մինչև 3 հա հողատարածքների համար անհրաժեշտ պարարտանյութի գնի 50 տոկոսը՝ 50կգ-ոց մեկ պարկի դիմաց նախատեսելով 9000 դրամ: Արմավիրի մարզում արդեն սկսվել է պարարտանյութերի ցուցակագրման գործընթացը: Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի ղեկավար Սահականուշ Արոյանն ասում է՝ սուբսիադավորված պարարտանյութ գնել ցանկացողները շատ են։
«Մինչև 3 հա հող ունեցողներին են հիմնականում տալու: 1 հա-ի հաշվարկով տրամադրվում է 500 կգ ազոտական պարարտանյութ, 400 կգ՝ ֆոսֆորական և 300 կգ՝ կալիումական պարարտանյութ: Գյուղացիները հիմնականում հերթագրվում են ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար: Գինը դեռ հայտնի չի, ուղղակի 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորելու, բայց 9000 դրամի չափով»:
Խանջյան գյուղի վարչական ղեկավարի խոսքերով 600 հա գյուղատնտեսական նշանակության հողերից 400 հեկտարը մշակվում է, 30-ը չի մշակվում սեփականատերերի բացակայության և ոռոգման ջրի խնդրի պատճառով, սակայն կան նաև գյուղացիներ, որոնք պարարտանյութ գնելու հնարավորություն չունեն:
-Ռադիոլուր․ Եթե պարատանյութ չեն գնում և գումար չունեն՝ հողը չե՞ն մշակելու, թե այլ միջոցներ կկիրառեն։
-Սահականուշ Արոյան․ Այլ միջոցներ կկիրառեն կամ հողը չեն պարարտացնի:
Մյասնիկյան գյուղից Հասմիկ Հակոբյանը հողը պարարտացնելու իր տարբերակն ունի. արդեն 20 տարի թռչնաղբ է օգտագործում, հումքը սեփական հավաբնից է, իսկ ազոտական պարարտանյութ անհամեմատ ավելի քիչ է բույսերին տալիս, արդյունքից չի դժգոհում:.
«Թռչնաղբը թրջեցի, թողեցի 3 օր, 4-րդ օրը հողը ջրեցի ու վերջում լցրեցի օրգանական պարարտանյութն ու ոռոգման ջուրը կտրեցի: Թռչնաղբը ներծծվում է հողի մեջ ու լավ սնուցում»:
Հողի հետ երկար տարիներ աշխատելով հարսատցրել է գյուղատնտեսական գիտելիքները, ասում է՝ հողի լեզուն եթե չհասկանաս, լավ բերք չես ստանա: Հասմիկը բանջարեղենին թունաքիմիկատներ չի սրսկում, պայքարի իր միջոցներն ունի:
«Թութունն ու կիրն իրար խառնեցի, քամեցի ու սրսկեցի բույսերին. և՛ էկոլոգիապես մաքուր է, և՛ մշակաբույսը պահպանեց, պղպեղն անվնաս մնաց»:
Հասմիկ Հակոբյանն այս տարի ձեռք է բերել ևս 1 հա հողամաս՝ կես հեկտարի վրա դեղձի ու ծիրանի տնկիներ է հիմնելու, բայց մինչև տնկին ծառ կդառնա, հողատարածքում բանջարեղեն կմշակի: Դեռ մեկ ամիս առաջ մի քանի բեռնատար գոմաղբ է գնել: Հողի պարարտացման վերաբերյալ գյուղացիների կարծիքները տարբեր են: Առանց պարարտանյութի խոշոր բերք չենք ստանա՝ ասում է առաջին զրուցակիցս.
«Ապրանքային տեսք էլ չի ունենա, որ կարողանանք նորմալ գնով վաճառել ու եկամուտ ստանալ: Բնականաբար՝ կալիումական, ֆոսֆորական, ազոտական պարարտանյութերի խառնուրդները շատ ավելի արդյունավետ են: Ծառն ու բնությունն է դա պահանջում, մարդիկ իզուր չեն ստեղծել պարարտանյութերը»:
Սուբսիդավորվող պարարտանյութերի հերթագրումն ավարտվում է մարտի 21-ին, որից հետո պարզ կդառնա, թե մատակարարներն ինչ գին են առաջարկելու: Երեք հեկտարից ավելի հող ունեցողները նույնպես կօգտվեն պետության աջակցությունից, բայց մինչև 3 հա-ի համար, իսկ տարբերությունը վճարելու են պարարտանյութի շուկայական արժեքով: Արմավիրի մարզում շատ են խոշոր հողօգտագործողները, որոնք դեռ ներդրումներ են անում ու չեն հասցրել համտեսել առաջին բարը, քիչ չեն նաև անմշակ հողերը: Թե թանկացումներից հետո հողերի մշակման ինչպիսի քարտեզ կունենա Արմավիրի մարզը, ավելի հստակ կլինի 2 ամսից:








