ԿարևորՀասարակություն

Տուրիստների հոսք՝ թռիչքների չեղարկման ֆոնին․ զբոսաշրջիկների պահվածքը որոշում է եկամտի արժույթը

Աշխարհի ավիաքարտեզի փոփոխությունները չեն շրջանցել Հայաստանը․ տուրիստական շատ երթուղիներ փոփոխվել են, հետաձգվել կամ չեղարկվել են։ Թվային տվյալները հստակ չեն, թե Հայաստան եկող քանի թռիչք է խափանվել։ Դրանք հավաքագրման և մշակման փուլում են՝ ասում է Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գայանե Անտոնյանը։ Չբացառելով հետագա ֆորս-մաժորային  իրավիճակները՝ նշում է, որ այս ամիս Մոսկվայում և հուլիսին Երևանում նախատեսված միջոցառումները չեն հետաձգվել։

«Մարտի 15-ին նախատեսվում է Զբոսաշրջության կոմիտեի մասնակցությունը ԱՊՀ երկրների ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին, որը ամեն տարի Մոսկվայում է տեղի ունենում։ Դա MITT Moscow ցուցահանդեսն է, որը  չի չեղարկվել և Հայաստանը մասնակցելու է։ Կան պետություններ, որոնք չեղարկել են իրենց մասնակցությունը, եվրոպական երկրների մասին է խոսքը»։

Մասնավոր զբոսաշրջային ընկերությունները նշում են, որ չեղարկումները դեռևս քիչ են, բայց հավելում են նաև, որ մարդկանց հոսքը մեծացել է։ «Հյուր սերվիս»-ը տուրիստներ է բերում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից և ռուսախոս երկրներից։ Էքսկուրսիաների համակարգող Անուշ Մալենցյան․

«Չեղարկումները չեմ կարող ասել, որ շատ են, ուղղակի մարդիկ կան, որ հետաձգել են իրենց գալը Հայաստան, մարդիկ էլ կան՝ չեղարկել են։ Հստակ քանակ չեմ կարող նշել։ Ուղղությունները հիմնականում Ռուսաստան, Ուկրաինա, բայց Եվրոպայից  որևէ չեղարկում չենք ունեցել»։

Չեղարկումները տարբեր պատճառներ են ունենում՝ նկատում է «Go to Armenia» տուրսիտական ընկերության ղեկավար Անուշ Եղիազարյանը։  Նրա խոսքով՝ ամբողջ ռուսալեզու շուկայում տագնապ կա, որը կախված զբոսաշրջիկի եկամուտներից, կյանքի մակարդակից տարբեր կերպ է արտահայտվում։  Չեղարկումները մեծ են էկոնոմ դասի փաթեթների շրջանում, անգամ այն դեպքերում, երբ ամբողջությամբ վճարված է տուրի արժեքը։ Թե ինչո, Եղիազարյանն այսպես է  բացատրում ․

 «Եթե դիտարկենք շուկան և էկոնոմ դասի տուր-փաթեթները, այդտեղ չեղարկումները շատ են, որովհետև դրանք կապված են և մարդկանց եկամուտի հետ, որոնք  ռուբլիով են։ Բացի դրանից՝  մարդիկ վախենում են գալ Հայաստան, մտածելով, որ հետո գուցե չկարողանան Հայաստանից գնալ, դարձյալ նույն՝ եկամուտի սղության պատճառով»։

Կա նաև հակառակ գործընթացը․ մարդիկ, որոնց եկամուտը ռուբլիով չէ կամ նրանք, ովքեր մեծ եկամուտներ ունեն, գալիս են Հայաստան  որոշ ժամանակ այստեղ անցկացնելու մինչ իրավիճակը կհանդարդվի։ Անում Եղիազարյան․

«Ես կառանձնացնեի նաև երրորդ դասը, որը բիզնես դասն է, հատկապես ՏՏ կազմակերպությունները , որոնք իրենց ընկերությունը ցանկանում են տեղափոխել Հայաստան։ Այսինքն՝ ամբողջովին իրենց կազմակերպության աշխատակիցներին ընտանիքներով տեղափոխում են Հայաստան»։

Եղիազարյանի խոսքով՝  ընդամենը մի քանի օրում Հայաստանի տարբեր  տուրիստական ընկերություններ բազմաթիվ հարցումներ են ստացել 50-ից մինչև 400 հոգանոց անձնակազմերով կազմակերպություններ տեղափոխելու խնդրով։ Ասում է՝ իրենց կազմակերպությունը ևս վերպրոֆիլավորվել է և այժմ տեղափոխման տարբերակներ են մշակում 400 անձի համար։ Սրանից այլ խնդիր է բխում՝ տեղերի սղություն հյուրանոցներում։

«Եթե ուսումնասիրություն կատարեք, կտեսնեք, որ ռուսական ավիափոխադրողների մեծ մասը ոչ ռուսական արտադրության ինքնաթիռներն է օգտագործում։ Թռիչքների կրճատումն անխուսափելի է դառնալու։ Դա կախված է իրավիճակի զարգացումներից և պատերազմի եզրահանգումից։ Այս պահին  ոչ տագնապային և ոչ էլ  լավ կանխատեսումներ կարող եմ անել»։

Թռիչքների չեղարկումը հանգեցրել էր ավիատոմսերի գների աճին, որը կշարունկվի՝ կարծում է Եղիազարյանը։  Տուրիստների ակտիվությունը ֆինանսական հոսքեր է ապահովում պետության, հյուրատների  համար, սակայն տուր-օպերատորների դիտանկյունից  հյուրատներում տեղերի սղությունը կարող է խնդիր  դառնալ։

Կարդացեք նաև

Back to top button