«Ինձ մեծացնում էին ապագա գիտնական դառնալու հոգեբանությամբ։ Որ պատկերացնեք, չգիտեմ դա եթեր տալու բան է թե չէ, մամաս ասում էր՝ էս մեր Աշտարակի տան փողոցը, որ մեծանանք, կանվանափոխեն հայր և որդի ակադեմիկոս Խոյեցյանների անունով»։
Վլադիդմիր Խոյեցյանը դեռ ակադեմիկոս չէ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ Կոդերի աշխարհ տանող ճանապարհը սկսվեց, երբ հայրը համալսարան ընդունվելու առիթով նրան համակարգիչ նվիրեց․ ամենաբարդ խաղալիքներից մեկը, որ երբևէ ունեցել էր։
«Էդ շրջանում իմ ընկերներից շատերին կոմպ նվիրեցին, չգիտեմ՝ ոնց էր ստացվել նրանց բոլորին լավ կոմպեր էին նվիրել, իմն այդքան լավը չէր, ոչ մի խաղ չէր լինում խաղալ։ Ընկերներս սկսեցին խաղեր խաղալ, իսկ իմ կոմպը չէր ձգում։ Ես էլ դրեցի C++ սովորեցի»։
Մի քանի ստարտափ ձախողելուց հետո երկուսուկես տարի առաջ 4 հոգով հիմնեցին Wirestock-ը, հարթակ, որի միջոցով կոնտենտ ստեղծողները կարող են մեկ օգտահաշվով տասնյակ մասնագիտացված կայքերում հայտնվել ու շատ ավելի արագ, քան նախկինում, իրենց լուսանկարները «վաճառակետ» հասցնել։
«Եթե մի լուսանկարչի պատմության մոդելով նայենք, նա իր մեկ ֆոտոն վաճառելու համար 10 հաշիվ պետք է բացի10 տարբեր կայքերում, 10 կայքում այդ նկարը վերբեռնի, հետո մտնի ամեն կայքում էդ նկարը հաստատի։ Դա նշանակում է ամեն նկարի համար մետաինֆորմացիա գրել, որով էդ նկարը կփնտրեն, կգտնեն ՝ վերնագիր, նկարագրություն, բանալի բառեր։ Եթե հանկարծ իր բախտը չբերեց, մարդու դեմք երևաց այդ նկարում, ինքը պետք է էդ մարդուց փաստաթուղթ վերցնի, որ նա թույլ է տալիս իր դեմքը երևա։ Իսկ դա ենթադրում էր, որ էդ կայքից թուղթը պետք է ներբեռներ, պրինտ աներ, ձեռքով լրացներ, ստորագրեր, սկան աներ,կցեր նկարին ու նորից տեղադրեր կայքում։ Այսինքն՝ մի նկարը վերջնական վաճառքի կետին հասցնելը բարդ պրոցես էր, ու դրա պատճառով շատերը ուղղակի չէին էլ զբաղվում էդ գործով։ Մենք էնքան հեշտացրեցինք նկարչի՝ դեպի վաճառք հասնելու պրոցեսը, որ այդ գործն այլևս ոչ մեկի համար պրոբլեմ չէ։ Եթե դու լավ կադր ունես, դու իրեն մի քանի քլիքով հասցնում ես վաճառքի կետ»։
Նույն նկարի օգտագործման լիցենզիան տարբեր հարթակներում կարող է հազարավոր օրինակներով վաճառվել։ Հայկական ընկերությունը համագործակցում է stockmarket-ի շուկայում վաղուց կայացած «գայերի» հետ՝ Shutterstock, Adobi, Alami, Deposit photos և այլն։ Wirestock-ը նաև նկարի որակի գնահատում է անում՝ տեխնիկական և կոմերցիոն։
«Wirestock-ը փող է աշխատում միայն այն ժամանակ, երբ լուսանկարիչն ինքը փող է աշխատում, մենք միայն այդ ժամանակ վրայից կոմիսիա ենք վերցնում։ Ըստ որում՝ երբ այդ նկարները Wirestock-ը դնում է հարթակներում, մեզ միավոր վաճառքից ավելի գումար են տալիս, քան եթե լուսանկարիչն ինքը դներ։ Երբ վաճառքից ձևավորված գումարից մեր կամիսիան վերցնում ենք ու մարդու գումարը տալիս ենք իրեն, միևնույնն է, ինքն ավելի շատ գումար է աշխատում, քան եթե ուղիղ աշխատեր ու ոչ մի կամիսիա դուրս չգար։ Այսինքն՝ ինչ-որ իմաստով անհասկանալի է՝ ինչու չօգտվել Wirestock-ից, եթե որոշել ես մտնել սթոքմարկետ»։
Մարկետինգի մենեջեր Գոհար Պետրոսյանը կոնկրետ օրինակով ցույց է տալիս քայլերի հաջորդականությունը։
«Նոր լուսանկարները վերբեռնեցի Wirestock, այնուհետև այն հայտնվում է «Ընդունված է» կամ «Ընդունված չէ» դաշտում։ Submit անելուց հետո նոր արդեն պորտֆոլիոյի հատվածում է լուսանկարը տեղադրվում։ Համապատասխան մետաինֆորմացիան լրացվելուց հետո արդեն ուղարկվում է տվյալ գործակալություններին՝ վաճառակետերին, որտեղ էլ լուսանկարը վաճառվում է»։ Գոհար
«Միանգամյա գնումով ամենաբարձր արժեքով վաճառվել է մոտ 443 դոլարով, այ էս նկարի մասին է խոսքը, ինքը տեսեք նույնիսկ ֆոտո չի, իլյուստրացիա է»։ Վլադիրմիր
«Ամենավաճառվող» լուսանկարիչն այս պահին հոգևորական է․ թեմատիկան՝ հոգևոր, նկարներում՝ Հիսուսը։
«Էս նկարը վաճառվել է հազար անգամից ավելի, իր օգտատիրոջը բերել է մոտ 800 դոլար։ Տեսնենք՝ սա ինչ նկար է։ Այս լուսանկարիչը վաղուց կա մեր մոտ , ամենալավ վաճառվող լուսանկարներից է»։
Wirestock -ի գնորդները տարբեր են․ համաշխարհային ընկերություններից ՝ Մայքրոսոֆթից, Գուգլից, Նիսանից մինչև խորհրդատվական և մարկետինգային ընկերություններ։Աշխարհի 150 երկրից դիմում են հայկական ստարտափին՝ մեկ-երկու հպումով իրենց լուսանկարները «վաճառակետ» հասցնելու համար։ Նախկինում stockmarket-ում աշխատում էին այն երկրների(Արևելյան Եվրոպա, Ռուսաստան, Աֆրիկյան երկրներ) լուսանկարիչները, որտեղ աշխատանքի ժամավճարը թանկ չէր․ նրանք պատրաստ էին ժամանակ տրամադրել՝ լուսանկարները տարբեր հարթակներում տեղադրելու համար։ Հայկական ստարտափը փոխեց պատկերը։ Wirestock -ի հաճախորդները մարդիկ են, որոնց համար ժամանակը թանկ է։ Նրանք հիմնականում աշխատում են Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Կորեայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Ավելի քան 5 մլն ֆայլ արդեն Wirestock -ում է։ Իսկ ի՞նչ է լինում, երբ հաճախորդները դժգոհում են հարթակի աշխատանքից։ Անահիտ Հարությունյան, ուսանող-ծրագրավորող։
«Չէ, չեն նյարդայնացնում, մի քիչ կարող է էսպես տխուր հայացք անեմ ու անցնեմ գործի, որ եթե ինչ-որ խնդիր կա, արագ լուծվի»։
Հեղինակային իրավունքի խախտումներից ստարտափը պաշտպանվում է թանկարժեք տեխնիկական լուծումներով։Ապահովագրությունը նաև մեծ բրենդների պահանջն է․ օրինակ՝ Մայքրոսոֆթի կամ Գուգլի հետ հնարավոր չէ առանց դրա աշխատել։
«Մենք օգտվում ենք բավականին թանկարժեք տեխնիկական լուծումներից։ Reversearch-ի տեխնոլոգիայով ցանկացած նկար, որ մեզ հասնում է, մենք փորձում ենք ինտերնետում իդենտիֆիկացնել այդ նկարի հնարավոր գոյությունը, բացի դրանից նաև իրավաբանորեն պաշտպանվում ենք , մենք բավականին թանկ մի քանի միլիոն դոլարանոց ապահովագրություն ունենք , նման իրավիճակների առկայության պարագայում ՝ դատական ծախսերը հոգալու համար։ Բայց ինքը հնարավոր տարբերակ է, այո։ Այս ոլորտում պետք է դու պատրաստ լինես դրան, բայց պետք է նաև մաքսիմալ զգույշ լինես»։
Վերջին տարիներին հայկական մի շարք ընկերությունների հաջողվել է ներդրումներ բերել Սիլիկոնյան հովտի վենչուրային ֆոնդերից։ Wirestock -ը ևս հայտնվեց այդ ցուցակում․ 2,3 մլն դոլարի ներդրում՝ հայկական ընկերությունում։ Հերթական հաջող գործարքից հետո արդեն շշուկներ են պտտվում, թե Սիլիկոնյան հովտում «հայկական մաֆիա» կա։
«Ավելի շուտ ոչ թե հայկական մաֆիա, այլ վենչուրային ինֆրաստրուկտուրայի մաֆիա կա։ Մաֆիա․․․ դե հասկանում եք, էլի, ես դրան «տուսովկա» կասեի։ Դրա հասանելիություն ստանալն այդքան էլ հեշտ չէ։ Բայց հայերի մեջ արդեն շատ մարդիկ կան, ովքեր այդ «տուսովկա»-ի մեջ են։ Մարդիկ, ովքեր գոլֆ են խաղում այդ ներդրումային ֆոնդերի ղեկավարների հետ։ Եթե տեսնում են, որ առաջարկդ խելքին մոտ է, առնվազն մի հատ նամակ են գրում այդ ֆոնդի փոխտնօրենին, որն իրենց ընկերն է։ Ասում են՝ Ջեյմս ջան, մեր Պողոսն է, մի հատ խնդրում եմ նայի՝ ինչ նախագիծ է առաջարկում։ Երբ նրա միջոցով է առաջարկդ հասնում Ջեյմսին, նա այդ նամակը գոնե կարդում է, որովհետև այդ նույն Ջեյմսը օրական 500 հատ նամակ է ստանում»։
Ինստիտուցիոնալ ներդրողները՝ վենչուրային ֆոնդերը տիրապետում են լուրջ ռեսուրսների ու գործիքակազմի․ գնահատում են ռիսկերն ու անգամ հաշվում, թե մեկ հաճախորդի վրա ծախսված գումարը քանի անգամ ավելացած է վերադառնում և որքան ժամանակում։ Վենչուրային հիմնադրամների բիզնեսն այլ բիզնեսների մեջ «փող դնելն է»։
«Եթե ես քեզ համոզեմ, որ դու էսօր դնելու ես իքս գումար ու երեք տարուց հանես 10 իքս գումար, է կդնես, ինչի չես դնի։ Քո բիզնեսն ա, բիզնեսների մեջ փող դնելը։ Վենչուրային կապիտալն այդպես է աշխատում, ինքը գտնում է ընկերություններ, որոնց մեջ ներդրման դեպքում տեսնում է հավանականություն, որ գումարը կբազմապատկվի ու անում է էդ ներդրումները։ Ուրիշ հարց ա, որ իրենք շատ գրագետ ձևով գնահատում են այդ հավանականությունը, կույր հավատին չեն գնում, հատկապես արդեն ինստիտուցիոնալ ներդնողները»։
Ստարտափը ճանապարհ է, որը ցանկացած մարդու հետ չես կարող անցել։ Ընկերության համահիմնադիր Վլադիմիր Խոյեցյանը նկատում է՝ իր բոլոր առավելություններով հանդերձ սա ագրեսիվ ու սթրեսային ընթացք է։ Այժմ ընկերությունն ունի 100-ից ավելի պայմանագրային և 40 հիմնական աշխատող։ Անձնակազմի 10 տոկոսն արտերկրից է, աշխատում են հեռավար։
Ընկերությունում նախատեսում են ստացված ներդրումներով մինչև տարեվերջ տասնապատիկ աճ ապահովել։ Տասնապատիկ աճը ենթադրում է նաև կոնտենտի աճ, ինչն էլ իր հերթին անձնակազմի տասնապատկման անհրաժեշտություն է ստեղծելու։ Այս սցենարից խուսափելու համար ներդրումներն ուղղելու են մեքենայական ուսուցման գործիքների ընդլայնմանը՝ պահպանելով մարդկային գործոնը։




