ԿարևորՀասարակություն

Ոչ թե տնտեսվարողների զգոնությունն է թուլացել, այլ ստուգումներն են խստացել. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։  Չգրանցված աշխատողներ են բացահայտվել, մասնավորապես, հանրային սննդի ոլորտում գործող խոշոր ընկերություններում։

ՊԵԿ-ի ստուգումների արդյունավետության մասին է փաստում նաև հարկային եկամուտների վիճակագրությունը․ 2021-ին շուրջ 17 տոկոս աճ՝ 2020-ի նկատմամբ։ Ընդ որում, չնայած 2020-ի տնտեսական անկմանը, չի գրանցվել ԱԱՀ-ի նվազում։

Պետական եկամուտների կոմիտեում վստահեցնում են, որ  չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը դարձել է ավելի արդյունավետ, իսկ ստուգումները՝ ավելի հասցեական։ Միայն 2021 թվականի ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների շուրջ 13700 դեպք է արձանագրվել, ինչը 2020 թվականից ավելի է 57 տոկոսով։ Չգրանցված աշխատողների մասով էլ 1160  դեպք է գրանցվել,  արձանագրվել է շուրջ 2100 չգրանցված աշխատող, նախորդ տարվա ցուցանիշերից ավելի՝ համապատասխանաբար 40 և 20 տոկոսով։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Արսեն Արզումանյանի՝ այս թվերն արդեն իսկ փաստում են  ստուգումների արդյունավետությունը։  Իսկ միգուցե նաև տնտեսվարողների զգոնությու՞նն է թուլացել։ 

«Եթե զուտ արձանագրված խախտումների մասով դիտարկենք, ստացվում է, որ տնտեսավարողների զգոնությունը թուլացել է, բայց  եթե հաշվի առնենք, որ ընդհանուր ստուգումների քանակը նույնպես ավելացել է, հետևաբար ավելացել է նաև արձանագրված խախտումների քանակը, կարծում եմ, որ չի պակասել զգոնությունը»։

Պետական եկամուտների կոմիտեի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, մասնավորապես, դիտարկվել են հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և  400 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները։

«Հանրային սննդի ոլորտում 611 հարկ վճարողների մոտ են իրականացվել չգրանցված աշխատողների և ՀԴՄ կիրառման կանոնների ստուգումներ։ Չգրանցված աշխատողի խախտումների 110 դեպք է եղել, 198 չգրանցված աշխատող, 2020 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 17 տոկոսով։ Իսկ ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների  501 դեպք է գրանցվել, աճը՝ 40 տոկոս։ Ինչ վերաբերում է խոշոր հարկ վճարողներին, 31 դեպք է արձանագրվել , 94 չգրանցված աշխատող։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 210 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով պակաս»։

Մինչ ՊԵԿ-ը ներկայացնում է աճող թվերը և հարկային կարգապահությունը խախտելու դեպքերը, տնտեսվարողներն էլ իրենց հերթին են արձանագրում. եթե նույնիսկ մի պահ  կորցնեն զգոնությունը, հարկային տեսուչն իրեն շատ չի սպասեցնի։

«Այդ օրը խանութում միաժամանակ 4 հաճախորդ կար, շատ տարօրինակ տղաներ։ Քանի որ ես խանութում միակ աշխատողն էի, թվում էր, թե մտել են ինչ-որ բան գողանալու։ Շատ ուշադիր հետևում էի։ Այդ ժամանակ խանութ մտավ ևս մեկը, և 1000 դրամանոց ապրանք ուզեց։ Խնդրեցի սպասել, ներկաներին ճանապարհեմ, նոր իրեն սպասարկեմ, շտապում էր։ Ստիպված իրեն արագ սպասարկեցի, առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու։ 5 րոպե հետո հենց այն տղաները դուրս եկան,  մտան հարկային տեսուչները և ասացին, որ ես 1000 դրամի առևտուր եմ արել, բայց կտրոն չեմ տրամադրել։ Դրանից հետո ինձ բերեցին մի տոպրակ ապրանք ու ստիպեցին այդ ապրանքը հետ վերցնել, քանի որ իրենք մի ամիս շարունակ ինձանից առևտուր էին արել, և ես միշտ տրամադրել էի կտրոնը ու եթե այդ օրն էլ անհարմար պահը չլիներ, նորից չէին կարողանալու տուգանել։ Բայց տուգանեցին 150 հազար դրամ»։

ՊԵԿ-ի ստուգումների ավելացման մասին անուղղակիորեն փաստում են նաև հարկային եկամուտները։ Հարկային բարեփոխումներն ու տնտեսվարողների հարկային կարգապահությունը  տնտեսագետ Նարեկ Կարապետյանը գնահատում է մակրոտեսանկյունից։

«Եթե խոսում ենք ՀԴՄ կտրոնների մասին, ապա ամենակարևոր արդյունքային ցուցանիշը տեղական ԱԱՀ հավաքագրումն է, ու այդ առումով մենք ունենք շուրջ 17 տոկոս աճ 2020-ի նկատմամբ։ Ընդ որում՝ 2020-ին, չնայած գրանցված տնտեսական անկմանը, մենք չենք ունեցել տեղական ԱԱՀ-ի նվազում։ Եթե նախնական թվերով փորձենք հասկանալ՝ որքան է կազմել անվանական ՀՆԱ-ի աճը, ապա այն շուրջ 13 տոկոսի շրջանակներում է։ Իսկ ԱԱՀ-ի մասով մենք ունենք 17-18 տոկոսանոց աճ, հետևաբար, գրանցվել է հարկային վարչարարության որոշակի բարելավում և ընդհանուր տնտեսական շրջանառության ավելի մեծ մասից են հարկեր ձևավորվել, մուտք գործել պետբյուջե»։

Ոչ միայն հարկային տեսուչներն են ավելի հաճախ այցելել տնտեսվարողներին, այլև փոխվել է սպառողների վարքագիծը ։ Նրանք ավելի պահանջատեր են դարձել՝ նկատում է  Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Արսեն Արզումանյանը։

«Շատ են դեպքերը,  երբ, օրինակ, նկատում են խանութում ՀԴՄ կտրոն չտրամադրելը կամ իրենք անձամբ են պահանջում կամ դիմում են ՊԵԿ թեժ գիծ՝ հայտնելով խախտումների մասին»։ 

ՊԵԿ-ի թեժ գծին ինքս էլ, որպես քաղաքացի, դիմել էի՝ ահազանգելով ՀԴՄ կտրոն չտրամադրելու կոնկրետ դեպքի մասին։ Խոստացան հետամուտ լինել խնդրին և տեղեկացնել  ցանկացած զարգացման մասին։ Ահազանգից  արդեն ամիսներ են անցել։ Դեռ սպասում եմ ՊԵԿ-ի պատասխանին։

Կարդացեք նաև

Back to top button