
Իսրայելը դեմ չի Իրանի հետ բանակցություններին, սակայն պահանջում է, որ այդ երկիրը դադարեցնի իր միջուկային ծրագիրը. նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:
«Իրանը պետք է հնարավորություն չունենա շարունակել ուրանի հարստացումը»,- Սի Բի Էս հեռուստակայանի թղթակցին հետ զրույցում ասել է նա: Ըստ Նաթանյահուի՝ եթե Իրանն ամբողջությամբ չհաժարվի իր միջուկային ծրագրերից, նրա նկատմամբ պատժամիջոցները պետք է խստացվեն:
«Իմ նպատակն է թույլ չտալ, որ իրանցիները մեզ խաբեն, համոզելով համաձայնագիր կնքեն, որով կհանվեն պատժամիջոցները և նրանք կշարունակեն մշակել Իսրայելին, ԱՄՆ-ին և ողջ միջազգային հանրությանը սպառնացող իրենց միջուկային ծրագրերը», նշել է նա: Վարչապետը քննադատության է ենթարկել նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անվանելով այն «կեղծավոր»:
«Նա այնքան շատ էր խոսում իրանական ժողովրդավարությունից, մինչդեռ իրականում նրանք հարյուրավոր մարդկանց են սպանում և բանտ նստեցնում»,-հայտարարել է Նաթանյահուն:




