Սփյուռքի ձայնը

Այլ երկրներում գումարներ ծախսելու փոխարեն, դրանք բերեք Հայաստան․ գործարար Տիրան Բաղդադյան․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձ գործարար Տիրան Բաղդադյանի կոչն է սփյուռքում ապրող հայերին։ Գործարարը տարիներ առաջ է եկել Հայաստան՝ այստեղ ապրելու և աշխատելու նպատակով։ «Հայաստանում գործ սկսելը ուներ մի քանի նպատակ․ նախ հայրենիքն է, հետո նաև այստեղ ես ինձ ուրախ և լավ եմ զգում։ Ճիշտ է այն ժամանակ գործարարին խորհուրդներ տվողներ չկային, սակայն մենք ուսումնասիրեցինք և մեկ ձախողումից հետո հաջողեցինք։ Շատերն են գալիս Հայաստան և գործում չեն հաջողում։ Դա պետք չէ կապել միայն երկրի հետ, գուցե ճիշտ և լավ ուսումնասիրություն չեն անում, ճիշտ ոլորտ չեն ընտրում։ Իսկ հետո վերադառնում են իրենց ծննդավայրեր և մեղադրանքների տարափ հնչեցնում հայրենիքի հասցեին։ Սխալ է»,- նշում է։

Հայաստանում գործ սկսելը, հետո նաև արտադրանքն արտահանելը և մի շարք այլ հարցեր հաճախ անհանգստացնում են ոչ միայն տեղացի, այլ նաև սփյուռքահայ գործարարներին։
Ինչպե՞ս խուսափել խնդիրներից և ի՞նչն է սփյուռքահայի՝ Հայաստանում գործունեություն սկսելու նախապայմանը։ Տիրան Բաղդադյանը նկատում է․ «Պետք է աշխատել թափանցիկ, առանց ուշացումների։ Մենք այդպես ենք արել։ Շատ եմ ուսումնասիրել, թե ինչո՞ւ են հայերը շրջանցում օրենքները․ գուցե դա նրանից է, որ տարիներ շարունակ թուրքի հետ աշխատելով խուսափել են ճիշտ գործելուց, ինչը մնացել է մեր գեներում»։

Տիրան Բաղդադյանը նաև նշում է , որ այսօր Հայաստանում շատ գործ կա անելու, սփյուռքահայերը պետք է պարզապես գան հայրենիք, ուսումնասիրեն շուկան, չհիասթափվեն և ամեն ինչ լավ կլինի։ «Մեծ գումարները այլ երկրնեում ծախսելու փոխարեն, դրանք պետք է բերել Հայաստան»,- հորդորում է հայրենադարձ գործարարը։

Back to top button