ԿարևորՀասարակություն

Ձմեռային զորակոչ՝ Սյունիքում․ լինել աչալուրջ, ծառայել նվիրումով

Ռոման Սանամյանը Կապանի թատերական խմբակի սաներից է, գիտի, որ բեմից հետո բանակային կյանքը հեշտ ու հանգիստ չի լինելու, համոզված է՝ դժվարությունները կհաղթահարի։ Նրան բանակ ճանապարհող ընկերները կատակում են՝ երկու տարում տաղանդ չկորցնես։

Ռոմանը խոստանում է՝ ավելի կատարելագործված է վերադառնալու բանակից, նա ուզում է նշանավոր դերասան դառնալ։

Ռոման Սանամյան․ «Տրամադրությունս մարտական է, իմ կյանքի նպատակը ազգիս պիտանի մարդ դառնալն է, և այս երկու տարին բանակում ծառայելը շատ մեծ շանս է»։

Կապանի զինկոմիսարիատի բակը բազմամարդ է՝ ձմեռային զորակոչի առաջին հավաքն է Սյունիքի մարզկենտրոնում։ Հարազատներ, ընկերներ, հարևաններ եկել են նորակոչիկներին բանակ ճանապարհելու։ Սվետա Օհանջանյանը Վաչագանից է։ Ուշանում է աշխատանքից, բայց ավանդույթը խախտել չի կարող՝ Վաչագանի զինակոչիկներին նա զինկոմիսարիատից է բանակ ճանապարհում։ Այսօր նրանք երկուսն են՝ Մարտինն ու Գուրգենը։ Ասում է՝ հիմա կճանապարհի, իսկ երկու տարի անց դիմավորելու է։ Սվետա Օհանջանյան․

«Սովորություն ունեմ՝ բոլորին ճանապարհում եմ։ Թող Նժդեհի հոգով գնան,  հայրենասիրությամբ ծառայեն, լինեն հայրենիքին նվիրված տղաներ։

-Համոզվա՞ծ եք, որ չեն ընկճվի, մարտական ոգին տեղը կլինի։

-Երբեք, վաչագանցիներն այդ իրավունքը չունեն»։

Զորակոչվող տղաներին կանչում են բուժզննության։ Բոլորն առողջ են, պիտանի՝ ծառայության։ Կապանի զինկոմիսարիատի բաժանմունքի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մանուկյանը դիմում է նորակոչիկներին․

«Հիշեք 92թ-ի պատերազմը, ապրիլյանն ու 44-օրյա պատերազմը։ Ամեն քաղաքում զոհեր ունենք,  կենդանի լեգենդներ ունենք։ Դուք պիտի շարունակեք այդ մարդկանց գործը։ Դուք, ամեն մեկդ պիտի վերցնեք լուրջ պատասխանատվություն, որ  ձեր ընտանիքները հանգիստ քնեն, որ իրենք իմանան, իրենց որդիները կանգնած են դիրքերում՝ զենքները ձեռքին, պահում ու պաշտպանում են մեր մարտական դիրքերը, մեր երկիրը։ Եղեք աչալուրջ, չտրվեք հակառակորդի սադրանքներին։ Ձեզ բարի ու անփորձանք ծառայություն եմ մաղթում»։

Զինկոմիսարիատում էր նաև Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանան։ Նա տղաներին մաղթեց Աստծու օգնությամբ ծառայել նվիրումով, հայրենիքը դարձնել ավելի պաշտպանված ու տուն վերադառնալ․

«Աստված օրհնի ձեզ, զորավիգ ու պաշտպան լինի ձեզ՝ ձեր ընթացքի մեջ, թող խաղաղություն լինի մեր երկրին, և մեր միասնական աղոթքն է, որ անսայթաք ծառայեք, ու այդ ծառայության մեջ նվիրական շատ արժեքներ որդեգրեք ձեր մեջ։ Շատ աղոթքներ պիտի լինի ձեզ հետ։

Նորակոչիկները հրաժեշտ տվեցին հարազատներին՝ ուղևորվելով Կապանի սուրբ Մաշտոց եկեղեցի, հետո ճանապարհվեցին կենտրոնական հավաքակայան։

Կարդացեք նաև

Back to top button