ԿարևորՀասարակություն

«Լավագույն գործատու»՝ վարկանիշային աղյուսակով․ տեսչական մարմինը գործատուների խրախուսման մեխանիզմ է ներդնում

2021թ-ի հուլիսի 1-ից լիարժեք ուժի մեջ է մտել աշխատանքային իրավունքի վերաբերյալ վերահսկողությունը, որի լիազորությունները վերապահված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մամնին։ Այս տարի ստացված 272 դիմում-բողոքներից 269-ը վերաբերել են աշխատանքային օրենդրության խախտումներին, իսկ 3-ը աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը։  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը նշում է դիմում-բողոքների հիմնական ուղղությունները․

«146-ը վերաբերել են օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն, 52-ը աշխատանքային պայմանագրի  լուծման կարգը չպահպանելուն և 71-ը՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների պահպանմանը»։

Աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների  առողջության պահպանման և անվտանգության ապահովումը, 2021թ-ի ստուգումների տարեկան պլանում ընդգրկված են եղել 48 տնտեսվարող սուբյեկտներ։ Խախտումները և թերությունները վերացնելու համար տրվել են 16 կարգադրագիր-առաջարկներ։ Ստուգումների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին 24  որոշում է ընդունվել։ Ընդհանուր առմամբ՝ նշանակվել 1 մլն 830 հազար ՀՀ դրամի տուգանք։ Սակայն տեսչական մտադիր է ոչ միայն միայն տուգանքի ճանապարհով ընթանալ, այլև պատրաստվում է գործատուների համար  խրախուսման մեխանիզմ ներդնել։ Այդ նպատակով  այսուհետ կանցկացվի «Լավագույն գործատու» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մանթաշով գործարարների միության», Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի գործատուների հանրապետական միության մասնակցությամբ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ այդպես ամրապնդվում է հասարակական սեկտրի հետ համագործակցությունը․

 «Այս հուշագրով ամրագրում ենք, որ հինգ կառույցներով միասին, մինչև մարտ ամիսը, կմշակենք տարվա լավագույն գործատու չափորոշիչները։ Հետո հանձնաժողովի կարգով կընտրվեն այն գործատուները, որոնց մոտ խախտումներ չի արձանագրվել աշխատանքային իրավունքի մասով, ինչպես նաև այն գործատուները, որոնք աշխատանքային իրավունքի մասով ներդրել են այնպիսի մեխանիզմներ, որոնք նպաստում են, որ հենց տվյալ գործատուն արժանանա լավագույնի կոչմանը»։

Տեսչական մարմինը հաշվի կառնի՝ հայտնվե՞լ է տվյալ գործատուն տեսչականի տեսադաշտում, նրան ուղղված բողոքներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Տեսչական մարմինը կդիտարկի, թե տարեկան ստուգումներն ինչ վերջնարդյունքով է ամփոփել  գործատուն, արդյո՞ք տուգանք առաջադրվել է, թե՞ ստուգման ակտը տեղեկանքով է փակվել։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ թեև հաշվի կառնվեն նշված հանգամանքները, սակայն միությունը շեշտը կդնի աշխատանքային ֆիզիկական միջավայրի բարենպաստ պայմանների, ընդհանուր արդյունաբերական գործընթացների կազմակերպման և աշխատանքային միջավայրի շարունակական բարելավման քաղաքականության վրա։

«Այսօրվա աշխատուժի դեֆիցիտի, խիստ մրցակցության պայմաններում էականորեն մտածելակերպը փոխվել է, բիզնեսի շահերը ներկայացնող միությունները, բոլորը  հորդորում են իրենց գործատուներին ապահովել այդ պայմանները» ։

Տեսչական մարմինն արդեն հայտարարել է 2022թ-ին իրականացվող 700 ստուգումների մասին։ 235-ը վերաբերելու է աշխատանքային իրավունքին, մոտ 220 տնտեսվարող էլ հայտնվել է տեսչական մարմնի տեսադաշտում՝ ըստ ռիսկերի մեթոդաբանության աշխատանքի անվտանգության։

Կարդացեք նաև

Back to top button