
Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև թուրքական լիրայի արժեզրկման գործոնը ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ ընգծելով, որ գերէժան լիրան էժանացնում է թուրքական ապրանքները դրսի շուկաներում։
«Լիրայի արժեզրկումը ևս մեկ փաստարկ է թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգելու օգտին, քանի որ հակառակ դեպքում թուրքական ապրանքները կդառնան 2-3 անգամ ավելի էժան, քան մինչև արգելքը սահմանելն էին։ Այդ պարագայում հայրենական որևէ արտադրություն դրանց հետ մրցակցել չի կարողանա։ Պետք է փորձենք ռիսկերը գնահատել և հավասարակշռված քայլերի գնալ», – նշել է տնտեսագետը։
Թուրքական արժույթը դարձյալ թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը` հատելով մեկ դոլարի դիմաց 14 լիրայի սահմանը։ Մեկ տարվա ընթացքում թուրքական արժույթն էժանացել է շուրջ 40%–ով։
Թուրք ընդդիմադիրները երկրի նախագահին մեղադրում են ոչ կոմպետենտության մեջ՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։ Էրդողանը հակադարձում է՝ ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամկետում` 2023 թվականի հունիսին։
Ավելին, Թուրքիայի նախագահը հայտարարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը շարունակելու մասին։
Ի՞նչ գրավչություն է Էրդողանը փորձում ստեղծել` Թուրքիան որակելով ցածր տոկոսադրույքների երկիր , իրականում ի՞նչ մարտահրավերների առջև է թուրքական տնտեսությունը և Հայաստանում թուրքական ապրանքի ներմուծման արգելքը վերացնելու դեպքում ինչ վտանգի առաջ կկանգնի հայաստանյան տնտեսությունը․ հարցերի շուրջ «Ռադիոլուր»–ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։





