
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա». ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերը։ Դեկտեմբերի 3-ը նրա ծննդյան օրն է։
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականին՝ Երևանում։ 84 թվականին ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։
Աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն » և «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։ Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ Զոհվել է 1990 թվականի հունվարի 19-ին՝ Երասխավանի պաշտպանության ժամանակ։ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 60 տարեկան։




