
Տարածաշրջանային համագործակցության հնարավոր «3+3» ձևաչափի օրակարգը չպետք է կրկնեն այլ գոյություն ունեցող ձևաչափերի օրակարգերը՝ այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեզ համար այստեղ մի կարևոր նրբերանգ կա, ասել է վարչապետը։
«Մեզ համար կարևոր է, որ այն հարցերը, որոնց համար կան այլ ձևաչափեր, չդիտարկվեն «3+3» ձևաչափի շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։
Օրինակ, ըստ նրա, ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, հետևաբար հարցը չպետք է դիտարկել «3+3» ձևաչափի շրջանակներում։
«Մենք ունենք եռակողմ աշխատանքային խումբ, որը քննարկում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, և այդ հարցը չպետք է քննարկվի «3+3» ձևաչափի շրջանակներում»,- հավելել է նա։
Վարչապետի խոսքով, հարցերը չպետք է կրկնեն արդեն իսկ գոյություն ունեցող այլ ձևաչափերի օրակարգը։
«Հնարավո՞ր է նման հարցեր ձևակերպել։ Կտեսնենք»,-նշել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված արածաշրջանային քաղաքականությանը։
«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են, բայց մենք ցանկանում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
«Մեր հարաբերությունները Վրաստանի հետ նույնպես շատ կարևոր են։ Եթե տեսնենք, որ հնարավորություն կա ակտիվացնելու մեր հարաբերությունները և դրական օրակարգ ձևավորելու, կարող ենք քննարկել այդ հնարավորությունը»,-հավելել է նա։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը մերժել էր «3+3» ձևաչափի մասնակցության Թուրքիայի առաջարկը։




