Շտեֆան Ֆյուլեն Երեւանում է


Երեւանում է Եվրամիության եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Եվրամիության գրասենյակի հաղորդագրության համաձայն` այցի նպատակը ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ գործընկեր Հայաստանի ջանքերը գնահատելն է` Արեւելյան գործընկերության շրջանակում:
Ֆյուլեն հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, վարչապետի հետ, այցելելու է խորհրդարան` հանդիպելով ԱԺ արտաքին եւ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովների պատասխանատուներին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ընդդիմադիր պատգամավորների հետ:
Նախատեսված է «Քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը ժողովրդավարական կառավարման գործում» թեմայով Ֆյուլեի ելույթը քաղաքացիական հասարակության սեմինարի ընթացքում: Կստորագրվի նաեւ երկու ֆինանսական համաձայնագիր: