ԿարևորՀասարակություն

Համայն Ռուսիո Պատրիարքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է շնորհել Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում 1 ունեցել Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ: 

Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձել է երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսեց երկու ժողովուրդների ու երկրների միջև ձևավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին: 

Իր հերթին Հայոց Հովվապետը հաստատել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում: 

«Մեր ժողովուրդների և Եկեղեցիների բազմադարյա բարեկամությունն արտահայտվել է ինչպես ուրախության, այնպես էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով և միասին պայքարել մեր բարեկամության և եղբայրության անխախտ պահպանման համար: Եվ մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ դրա լավագույն վկայությունն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցությունը»,-ընդգծել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը: 

Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս Եկեղեցուն և նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար: 

Նորին Սրբությունը նաև հավելել է. «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»:

Զրույցի ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը: 

Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է շնորհել Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով: 

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն է հայտնել Կիրիլ Պատրիարքին` ընդգծելով. «Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և Եկեղեցու հանդեպ»։ 

Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը նշել է.

«Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:

Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Կարդացեք նաև

Back to top button