
Ընդդիմադիր քաղաքական դաշտի մի հատվածը տևական ժամանակ է՝ հայտարարել է, որ «փողոցային» պայքարի սցենարը չի բացառում։ Այս շրջանում իրականում լուրջ խմորումներ կան հենց ընդդիմադիր դաշտում․ տարբեր ուժերի ներկայացուցիչներ հանդիպումներ, քննարկումներ են անցկացնում և որոշումներ կայացնում։ Անգամ ժամկետեր են որոշում։ Արտախորհրդարանական ուժերի համախմբումը և ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է՝ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Ընդդիմադիր ուժերը, սակայն, միասնական չեն իրենց նպատակներում։ Ակնհայտ է, որ դաշտը բաժանված է առնվազն 3 մասի՝ չհաշված «մանր» խաղացողներին։
Խորհրդարանական ընդդիմությունը հավաստիացնում է, որ պատգամավորի «հարմարավետ» աթոռներին գտնվելով չեն մոռացել պայքարի այլ ձևերը և պատրաստվում են առաջիկայում նորից դիմել դրանց։ Համենայնդեպս, այդ մասին արդեն հայտարարել են։ Ընդդիմադիր դաշտում, սակայն, ամեն ինչ միանշանակ չէ։ Համերաշխություն չկա նաև այնտեղ․ դաշտը փոքր է դարձել պայքարելու ցանկություն ունեցողների համար, և ընդդիմադիրները պայքարից առաջ նախ իրար միջեւ են փորձում դաշտը բաժանել։
Խորհրդարանական ընդդիմությունից ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում գրառմամբ ակնարկել է, որ «կան ուժեր և անհատներ, որոնք քաղաքական դաշտում ոտքի տեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ չհասկանալով մի պարզ ճշմարտություն. կա’մ իշխանություն ես, կա’մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չէ, դրա վերջը լուսանցքն է»։

Դաշնակցական գործիչը կարծում է՝ ուժերի համախմբումը և ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն են։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը չի բացահայտում՝ երբ և ինչպես են սկսելու խորհրդարանից դուրս պայքարը, բայց հավաստիացնում է՝ անցյալ պայքարից դասեր քաղել են։
«Լայն շրջանակ է բոլոր այն քաղաքական ուժերի, որոնք մտահոգ են Հայաստանի այսօրվա վիճակով, մեր անվտանգության համակարգի հետ կապված, Արցախի և Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված, այդ բոլոր ուժերը, բնականաբար, բնական դաշնակիցներ են, և նախորդ ամիսներին էլ շատ հաճախ եղել են համագործակցության տարբեր ձևաչափեր։ Իշխան Սաղաթելյանի ասածը շատ ավելի ընդհանուր էր, որ խնդիրը հետևյալն է՝ սեփականաշնորհված չէ այս դաշտը, և բոլորն էլ այս դաշտում ունեն անելիքներ, ունեն խնդիրներ, պարտավորություններ և պարտականություններ և պետք է այդ ամենին մասնակից լինել»։
Ընդդիմադիրների այս թևը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր նոր փաստաթղթերի դեմ, որոնք կարող է ստորագրել գործող իշխանությունը, որին իրենք չեն վստահում։ Ընդդիմության այս թևը խոսում է ազգային դիմադրության ձևավորման կենսական անհրաժեշտության մասին։
Ինչպես են դիմադրելու և ինչին՝ հարցս ուղղված էր Գեղամ Մանուկյանին․ «Պատրաստ ենք ցանկացած գործողության՝ թույլ չտալու որևէ զիջում, որևէ համաձայնություն, համաձայնագիր․ ինչ անունունով կուզեք կոչեք։ Ցանկացած նման գործողության, քայլ թույլ չտալու նպատակ է հետապնդելու։ Այլ մանրամասներ, թե ինչ ձևաչափ է դա լինելու, դա լինելու է ձևավորված կառո՞ւյց, թե՞ ամեն մեկը դառնալու է այդ դիմադրության շարժման ուղղակի մասնակիցը, աջակիցը՝ դա կարճ ժամանակի հարց է»։
Խորհրդարանից արտախորհրդարանական դաշտում հայտնված «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյան կողմից անվստահելի ուժերի դաշտն ավելի լայն է․ չի վստահում իշխանությանը, որի հետ ընտրություններից հետո համաձայնեց մասնակցել վարչապետի նախաձեռնած արտախորհրդարանականների քննարկումների հարթակին, չի վստահում նաև ընդդիմադիր դաշտի մի հատվածին։
«Իսկ ի՞նչ ասել է ընդդիմադիր դաշտ։ Իմ անձնական կարծիքով՝ Հայաստանում գոյություն ունի իշխանություն և նախկին իշխանություն։ Մենք չենք պատրաստվում համագործակցել նախկին իշխանություն հանդիսացող, հիմա ընդդիմություն դարձած որևէ մեկի հետ։ Եւ ինձ համար ընդունելի չէ նաեւ ժողովրդի նկատմամբ մանիպուլյացիոն բևեռացմանը տանող տեխնոլոգիաների կիրառումը, ինչի հետեւանքով մարդիկ Նիկոլ Փաշինյանի դեմն առնելու համար ընտրում են նախկինում կառավարածներին, որոնց մեղադրել ու մեղադրում են երկիրը թալանելու մեջ, որոնց պատճառով ունեցանք Նիկոլ Փաշինյանի պես իշխանություն»։
Փաշինյանի հետ քաղաքական կոնսուլտացիաների մասնակցող Ուրիխանյան և Արզաքանցյան Տիգրաններն, ի դեպ, որոշել են այս փուլում միավորել ուժերը։ Անգամ հարցազրույցի պահին խորհրդակցում էին իրար հետ իշխանափոխության ժամկետերի շուրջ՝ 3 ամիս, թե՞ 6 ամիս հետո։

«Չգիտեմ՝ կամփոփենք ամսվա վերջին, երբ ավարտվի այդ երկխոսությունը։ Եթե Փաշինյանը պատրաստ է լսել քննադատություն, այդ թվում՝ իր իսկ իշխանության փոփոխության մասին խոսակցություններ, ապա ես մեծ սիրով իրեն այդ խոսքերը կուղղեմ»։
-Իշխանափոխություն ի՞նչ առումով։
—Դասական։
—Սեփակա՞ն նախաձեռնությամբ։
—Կարծում եմ՝ այդ ձևաչափը որևէ մեկը չի չեզոքացրել, չի վերացրել, ժողովուրդը պետք է որոշի։
—Գնում եք ընտրությունների՞ նորից։
—Չգիտեմ։ Ինչո՞ւ, 2018-ին ընտրություններո՞վ փոխվեց իշխանությունը։
Մինչ ընդդիմությունն արտախորհրդարանական ուժերին առաջարկում է թիմ կազմել՝ համախմբվելով իշխանափոխության նպատակի շուրջ, իշխանությունն իր հերթին շարունակում է ավելի վաղ սկսած գործակցությունը կրկին արտախորհրդարանական ուժերի հետ, միայն թե այլ ձեւաչափով։
Վարչապետ Փաշինյանի նախաձեռնած՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներին առաջին իսկ օրվանից մասնակցում է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Նա վստահ է, որ ձևաչափն օգտակար է, իր ձայնն այնտեղ լսելի է, իսկ իշխանափոխության պատճառ չկա։
«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը՝ հավատարիմ իր հայտարարությանը, ժողովրդավարության պաշտպան է, հակառակ պարագայում երկիրն անհայտ տեղեր կգնա։ Նաեւ դատապարտում ենք ցանկացած փորձ՝ ուղղված իշխանության փոփոխության ՝առանց հանրաքվեի կամ ընտրությունների։ Եթե իրենք ուզում են այդպիսի փոփոխություն՝ նորից պետք է գնան հանրաքվեի և ընտրությունների։ Այս անգամ այդ 30 տոկոսն էլ չեն տանելու միանշանակ։ Նախ՝ ժամանակ չկա, երկրորդ՝ ռեսուրս, չկա նաև այդ փոփոխության իրավական հիմքը քաղաքական»։

Ընտրություններից հետո վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված արտախորհրդարանական ուժերի հարթակում կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են 3 անգամ՝ Շիրինյանն է ասում։ Վստահ է, որ այդ ձևաչափից հրաժարվողներ չեն եղել, բայց մասնակիցների հստակ թիվը չի հիշում։ Փոխարենը ընդդիմադիր թեւից Գեղամ Մանուկյանը համոզված է՝ վարչապետի նախաձեռնած այդ ձևաչափով չհաջողվեց պառակտել ընդդիմադիր դաշտը, քանի որ այնտեղ չհավաքվեց ընդդիմադիրների զգալի ներկայություն։





