
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշումը, ըստ որի աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, մեծ հերթեր է գոյացրել լաբորատորիաներում։ Հերթեր նկատելի են հատկապես մարզերում, հատկապես համեմատաբար մատչելի լաբորատորիաներում։ Մինչդեռ մատչելին, դեռ չի նշանակում որակյալ և հակառակը։ Կարևորը լաբորատորիան համապատասխան լիցենզիա և հագեցվածություն ունենա, հակառակ դեպքում, չի բացառվում, որ անգամ փոքր գորմարը ոչ նպատակային եք ծախսել և QR կոդը, որը պետք է ներկայացնեք գործատուին Արմեդ համակարգը չճանաչի։
Լոռու մարզի մի շարք բնակիչներ ահազանգում են՝ հանձնել են կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, ստացել թեստի պատասխանը, սակայն այս պատասխանը եւ դրա QR կոդը «Արմեդ» համակարգը չի չի ճանաչել։ «Արմեդը» էլեկտրոնային առողջապահության համակարգ է, որտեղ եւ պետք է մուտքագրվեն մարդկանց թեստավորման կամ պատվաստված լինելու տվյալները։
Փաստի առաջ կանգնած լոռեցիներին առողջապահության նախարարության թեժ գծից պարզաբանել են՝ իրենց թեստավորած «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը COVID-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունի: Մինչդեռ, ըստ քաղաքացիների, հենց ՊՇՌ հետազոտության համար այս ԲԿ-ին դիմողները շատ են, քանի որ թեստավորվելն այստեղ մյուս կլինիկաների համեմատ էժան է՝ 6000 դրամ:
Որտեղի՞ց է ծագել խնդիրը․ պարզաբանման նպատակով «Ռադիոլուրը» դիմեց «Լոռիմեդ» բժշկական կենտրոն։ Տնօրեն Կարեն Ադամյանը բացատրեց՝ որոշակի թյուրիմացություն կա։
«Լիցենզիայի խնդիր չկա, սխալ են մեկնաբանում։ Ընդամենը որոշման հարց կար։ Համապատասխան հանձնաժողով պետք է գար, ուսումնասիրեր, հետո որոշում տար, որ ես կարողանայի օրինական կարգով ՊՇՌ տեստերը որոշել։ Երբ հանձնաժողովը մեզ մոտ եկավ, որոշակի թերություններ գտավ, որոնք պետք է շտկեինք։ Հանկարծ սեպտեմբերի 27-28-ից մեծ հոսք սկսվեց մեզ մոտ, խայտառակ հերթեր էին Վանաձորում։ Եվ մենք առաջարկեցինք բավականին ցածր, կարծում եմ՝ հանրապետությունում ամենացածր գինը»։
Հարցին, թե ինչո՞ւ են առանց հանձնաժողովի դրական եզրակացության մարդկանց թեստավորում, բժշկական կենտրոնի տնօրենն ասաց՝ զուգահեռ շտկել են թերությունները և այժմ պատրաստ են նորից հանձնաժողով հրավիրել։ Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստավորման պատասխանների QR կոդը ճանաչել- չճանաչելուն, այստեղ ևս սխալ կա՝ ասաց, «բարձրացված աղմուկը իրականությանը չի համապատասխանում»․
«Մեր տված պատասխանները QR կոդով կարդացվում են։ Սխալ ինֆորմացիա է, թե մենք QR-կոդով չենք կարողանում տեսնել։ Բոլորի պատասխանները օրինական են, յուրաքանչյուր անալիզի համար մենք պատասխանատու ենք՝ լինի բացասական, թե դրական։ Այստեղ ընդամենը մրցակցության խնդիր է»։

Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մարզերում բժշկական կենտրոնները պարզապես «թուղթ» չեն տալիս մարդկանց․ հարցիս ԱՆ լիցենզավորման գործակալության լիցենզավորման պետ Նունե Ղուկասյանը պարզաբանեց՝ իրականում ՊՇՌ թեստ կարող են անել միայն լիցենզավորված լաբորատորիաները։
«ՊՇՌ տեստ կարող են անել այն լաբորատորիաները, որոնք լիցենզավորված են, կամ լաբորատոր-ախտորոշիչ, վիրուսաբանական տեսակներով, և բնականաբար ՊՇՌ մեթոդի կիրառման համար ունեն հատուկ հագեցվածություն։ Համապատասխան հագեցվածություն ունենալու դեպքում այդ չորս լաբորատորիաները կարող են անել ՊՇՌ հետազոտություն»։
Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուրը» տեղեկացավ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտությունների իրականացման թույլտվություն ունեցող լաբորատորիաների ցանկում «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը ներառված չէ։ Ստացվում է, որ այն այս պահի դրությամբ այս կենտրոնն իրոք չունի ՊՇՌ թեստավորման թույլտվություն, իսկ թույլտվություն տվող հանձնաժողովին սպասում են դեռ առաջիկա օրերին։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից «Ռադիոլուրին» ասացին՝ ահազանգ ստացել են, հարուցել են վարչական վարույթ, խնդրով զբաղվում են։ Իսկ առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ պետք է թեստավորվել լիցենզավորված կենտրոններում, որոնց ցանկը կա նախարարության կայքում։




