ԿարևորՀասարակություն

27 ամբաստանյալ` Սյունիքի դատարանում

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 27 ամբաստանյալների դատավարությունը։ Նրանցից մեկն անչափահաս է, սովորում է Ագարակի դպրոցում։ Ամբաստանյալները մեղադրվում են 2021թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի Մեղրի և Ագարակ քաղաքներ այցի ընթացքում կատարած խուլիգանության հատկանիշերով։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նրանք դիտավորությամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։ 27-ից՝ 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, որով նախատեսվում է պատիժ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ կալանք մեկ ամիս ժամկետով։

4 անձ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, այն է` խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։ Այս 4 անձանց համար նախատեսված է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ Տուժողները 10-ն են։ Դատական նիստի սկզբում դատավորը հրապարակեց տուժողներից երկուսի դիմումները, ըստ որոնց նրանք դատարանին խնդրում են հաշվի առնել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, չկանչել դատական նիստերին կամ էլ ցուցմունք տալ առցանց։ Նապոլեոն Օհանյանն առաջարկեց դիմումները կցել գործին եւ անդրադառնալ դատաքննության ժամանակ։ Ամբաստանյալներից մեկը, արձագանքելով դատարանին, ասաց․

«Հարգելի դատարան․ Մենք ո՛չ տուժող ենք տեսել, ո՛չ վկա։ Ոչ մեկս առերես չենք հարցաքննվել։ Շինծու բան է։ Խնդրում եմ ՝ուշադիր եղեք։

Դատավոր-Իսկ ո՞վ է ասել, որ ես անուշադիր եմ։ Դիմումատուների դիմումները հրապարակեցի, սա նախապատրաստական փուլն է։ Դուք իրավունք ունեք միջնորդելու, դատարան հրավիրելու կամ տեսակապով հարցաքննելու։ Ես պարզապես հրապարակեցի դիմումները»։

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո, քանի որ դատական նիստին ներկա չէր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը եւ խնդրել էր դատական նիստը հետաձգել, Նապոլեոն Օհանյանը հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 2-ին։

Կարդացեք նաև

Back to top button