
ՄԻԵԴ-ում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ում օրերս ընդունված բանաձևում ուժի կիրառման օրինականության խնդրին անդրադարձ չի եղել: ԼՂՀ հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ բանաձևը, ըստ Սահակյանի՝ անդրադարձել է չեզոք հարցերի՝ դուրս թողնելով իրավական լուրջ խնդիրները: Մտահոգիչն այս բանաձևում երկու կողմերի միջև դրված հավասարության նշանն է:
ԼՂՀ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի դրականը դրա հրատապությունն է, բացասականը՝ ոչ օբյեկտիվ լուսաբանումը. անդրադառնալով Ստրասբուրգում ընդունված փաստաթղթին՝ ասում է ՄԻԵԴ-ում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ նրա՝ զեկույցում իրավունքն ու քաղաքականությունը բախվում են, և այդ բախումներում պահպանվել են մեծ քաղաքականության շահերը։ Մինչդեռ ուժի կիրառման օրինականության խնդրին ո՛չ զեկուցողները, ո՛չ քվեարկողները չեն անդրադարձել։ Զեկույցից դուրս է մնացել նաև կոնֆլիկտում թուրքական ներգրավվածության հարցը՝ վարձկանների, օդուժի կառավարման կամ այլ մեթոդներով։ Իրավապաշտպանը հատուկ ուշադրություն է հրավիրում վերնագրի վրա, որում հատուկ նպատակով նշված է «մարդասիրական խնդիրներ».
«Ի սկզբանե նպատակ է դրվել անդրադարձ կատարել ավելի չեզոք խնդիրների, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են: Իրավական ավելի լուրջ խնդիրներ դուրս են մնացել քննարկման շրջանակից: Հաշվի առնելով, որ այս գործընթացները իրականացրել է քաղաքական մարմինը՝ քաջ գիտակցում ենք, որ հիմնական քաղաքական նկատառումը, որը եղել և պահպանվում է, հարաբերականորեն հավասարության նշան դնելն է կողմերի միջև»։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում սեպտեմբերի 27-ին ընդունված բանաձևով երկու երկրներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման շուրջ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։
Ըստ բանախոսի՝ բանաձևում նույն նժարի վրա են դրված նաև գլխատումների դեպքերը պատերազմի ժամանակ.
«Ադրբեջանական կողմը տասնյակներով է գլխատումներ արել, սակայն զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում: Խոսվում է նաև մեկ ադրբեջանական դեպքի մասին: Նորից տպավորություն են ստեղծում, որ կատարված հանցագործություններն իրենց բնույթով նույնական են եղել երկու կողմերի համար»։
Ադրբեջանական բարձրագույն իշխանությունը ոչ միայն չի դադարեցրել ատելության քարոզը, այլև խորացրել է հայատյացության քաղաքականությունը,-նշում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը.
«Բոլոր խոշտանգումներն ու դաժանությունները, որոնց ականատես եղանք պատերազմի ընթացքում և դրանից հետո, ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության վառ արդյունքն են։ Ադրբեջանի նախագահի ելույթներից էլ ակնհայտ է, որ ատելության ու թշնամանքի զգացումով մի ամբողջ սերունդ է մեծացել»։

ՄԻՊ գրասենյակը դիտարկել է 300 տեսանյութ, որոնք վերաբերում են անհետ կորածներին, գերիներին ու նրանց նկատմամբ խոշտանգումներին: Բոլոր փաստերն ուղարկվել են միջազգային գործընկերներին, սակայն մինչև օրս կատարվածի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել,-ասաց Տաթևիկ Մանուկյանը:
Հայանպա՞ստ է ԵԽԽՎ բանաձևը հարցին «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կոնկրետ պատասխան չտվեց: Ասաց՝ «մենք մասնակցել ենք զեկույցը պատրաստող խմբի կազմակերպած հանդիպմանը և ներկայացրել ենք զեկույցի մասին մեր կարծիքը»:
«Այո, մեր պատվիրակությանը հաջողվեց որոշ դրույթներ փոխել, բայց գլոբալ շատ հարցերի շուրջ այդ հավասարության նշանը մնացել է։ Զեկույցը ընդունվել է մի մարմնի կողմից, որը մշտապես փորձում է հավասարություն պահել»։
Սիրանուշ Սահակյանը խոսքով՝ ԵԽԽՎ բանաձևը քաղաքական փաստաթուղթ է, և դրա կատարումը կախված է նրանից, թե ինչպես ԵԽ-ն կօգտագործի իր քաղաքական ուժը և կճնշի կողմերին: Բանաձևի կատարումը, ըստ իրավապաշտպանի, կարող է նաև արագացնել ՄԻԵԴ-ում հայ գերիների գործերի քննությունը:




