ԿարևորՀասարակություն

Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Գեղասար և Լեռնապատ համայնքներում պետություն-համայնք համատեղ ծրագրերն ընթացքի մեջ են

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի ուղեկցությամբ եղել է Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ_Պարնի, Գեղասար և Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքներում՝ ծանոթանալու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Առաջին կանգառը Լուսաղբյուր համայնքում էր: Այստեղ այս տարի 4 ծրագիր է իրականացվում՝ ընդլայնվում է փողոցային լուսավորության ցանցը(ծրագրի պայմանագրային արժեքը՝ 8 մլն 278 հազ դրամ), սալարկվում է համայնքի 5-րդ փողոցը և գերեզմանատուն տանող ճանապարհը (պայմանագրային արժեքը 23 400 հազ դրամ), վերակառուցվում է խմելու ջրի ջրագիծը (պայմանագրային արժեքը՝ 11 մլն 760հազ) և վերակառուցվում է ոռոգման համակարգը (33 մլն 400 հազ դրամ):

Բոլոր ծրագրերը խիստ կարևորություն ունեն, քանի որ համայնքի համար լուծում են առաջնային կարևորության խնդիրներ:

Ծաղկաբեր համայնքը նույնպես սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով տարածաշրջանում ակտիվներից է: Այստեղ այս տարի տուֆ քարով կառուցվում է 1-ին փողոցի 6-րդ փակուղու ճանապարհը (պայմանագրային արժեքը 18 մլն 895 հազ դրամ), մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրվելու է ֆոտովոլտային կայան (6մլն 660 հազ), ինչը հնարավորություն կտա ջեռուցումն իրականացնելիս զգալի գումար տնտեսել: Կառուցվում է նաև համայնքի ոռոգման համակարգը (31 մլն 746 հազ), ինչի շնորհիվ կընդլայնվեն մշակովի հողատարածքները:

Մեծ Պարնի համայնքում սուբվենցիոն միջոցներով այս տարի ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը (պայմանագրային արժեքը 21 մլն 958 հազ դրամ), ընթացքի մեջ են մշակույթի տան տանիքի կառուցման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները(44 մլն 850 հազ):

Գեղասար համայնքում էլ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքներ (պայմանագրային արժեքը՝ 17 մլն դրամ), ինչի շնորհիվ համայնքում զգալիորեն կբարելավվի ջրամատակարարման վիճակը:

Մարզի ղեկավարի այցի վերջին կանգառը Լեռնապատում էր: Այստեղ սալարկվում են  դեպի դպրոց տանող ճանապարհը և 10-րդ փողոցը. երկար սպասված ճանապարհաշինական ծրագիրն այս տարի ի վերջո իրականություն կդառնա:

Շինարարական աշխատանքները հիմնականում կատարում են համայնքների բնակիչները, այսպիսով՝ որոշակիորեն լուծելվում է նաև աշխատատեղերի հարցը:

Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք դիտարկումներով: Նա հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

Մարզի ղեկավարն այցելել է նաև Լեռնապատ համայնքում կառուցվող ԱԹՍ-ների օդանավակայան, որտեղ շինարարական աշխատանքները ծրագրում են ավարտել մինչև 2022 թվականի մայիսը: Մարզպետը կարևորել է կրթական կենտրոնի դերը և նշել, որ մարզային կառույցը մշտապես պատրաստ է աջակցել և համագործակցել կենտրոնի հետ:

Կարդացեք նաև

Back to top button