
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին․ նրան ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդը եւ քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։
Ինչպես նշել է փոխդեսպանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ բոլորով իրենց առաջին այցը ՀՀ-ում սկսեն Սյունիքից՝ կարեւորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը։
Լեյթինենը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ կացությանն ու հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին։ Մելիքսեթ Պողոսյանը, ողջունելով դիվանագետների առաջին այցը Սյունիք, ներկայացրել է հետպատերազմյան շրջանում այստեղ ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթեւեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր։ Մարզպետը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ու քանի որ խոսվել է նաեւ USAID-ի կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին, հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն։




