ԿարևորՀասարակություն

ԱԺ-ում Արցախի հարցերի մշտական հանձնաժողով չստեղծվեց

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պնդում է իր առաջարկը  խորհրդարանում  Արցախի հարցերով զբաղվող  մշտական հանձնաժողով ունենալու մասին։ Առաջարկն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Որոշման նախագիծը ներկայացնող Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հանձնաժողովների ձևավորման փուլում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով առանձին հանձնաժողով, որը, սակայն, մերժվել էր։ Այս փուլում ընդդիմադիրները փոքր-ինչ վերափոխել են առաջարկը։

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»՝  դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախին առնչվող հարցերը:  Որոշման նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ նման հանձնաժողով ունենալու հիմնավորումներն առավել քան բավարար են։

«Հատկապես այս փուլում, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ տարբեր գործընթացներ են ընթանում, մենք իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր հանձնաժողովներում ներառել Արցախի խնդիրները»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում գործող 12 հանձնաժողովների գործառույթների մեջ Արցախի հետ հարաբերությունները հստակ չեն առանձնացվում: Իշխանական թևում, մինչդեռ,  հակառակ կարծիքին են։   Կարծում են՝ Արցախի հարցերով զբաղվում է խորհրդարանական ոլորտային հանձնաժողովներից յուրաքանչյուրը։  ՔՊ-ի ներկայացուցիչներն ընդդիմադիրների առաջարկն ինքնանպատակ են համարում։

«Ի՞նչ նոր բան ենք մենք այստեղ ավելացնում, եթե երկու հանրապետությունների խորհրդարանների միջև գործում է միջխորհրդարանական հանձնաժողով։ Այն, ըստ էության, համակարգում է 12 հանձնաժողովների աշխատանքը, այդ թվում՝ Արցախի հետ առնչվող հարցերով»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Աղվան Վարդանյանը հակադարձում է՝ խնդիրը միայն հանձնաժողովի անվանման մեջ միայն «Արցախ» բառի ավելացումը չէ։ Փոփոխությունը հարաբերությունների նոր մակարդակ կնախանշի և հենց այդ ազդակն էլ կուղարկի աշխարհին։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ այն ագրեսիվ հայտարարությունները, որ անում են մեր հարևան երկրները, մեզ ուղղակի  պարտադրում են, որ մեզ պահենք որպես անկախ ու ինքնիշխան պետականություն։ Մեր առաջնահերթ խնդիրն է կարևորել սա, ազդակներ ուղարկել այդ երկրներին ու միջազգային հանրությանը, որ մեզ համար այս խնդիրը փակված չէ, ինչպես իրենք են պնդում»,-ընդգծեց Վարդանյանը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  կարծում է, որ  նախագիծը, բացի ներպետական սպառումից, այլ հարց չի կարգավորում։ Նրա պնդմամբ՝ արտաքին իրավաքաղաքական հարթությունում առաջարկը  որևէ ձևով  չի մոտեցնում Արցախի հարցի կարգավորումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաև  արձանագրում է՝  անկախ քաղաքական մոտեցումների տարբերությունից՝ արտաքին դաշտում  պատրաստ են ուս ուսի տված, միասին  պայքարել Արցախի հարցի հայանպաստ կարգավորման համար։

«Այո, մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախյան հիմնահարցը փակ չէ, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում աշխատանքները պետք է տարվեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը քաղաքական հանգուցալուծում չի ստացել»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Վիգեն Խաչատրյանի կարծիքով էլ՝ Արցախին առնչվող հարցերում  ընդդիմությունն  ու իշխանությունը պետք է հանդես գան համաձայնեցված մոտեցումներով․ քանի դեռ  այդ համաձայնությունը չկա, հարցերը հանրային քննարկման առարկա չպետք է  դառնան:

Ընդդիմությունն ու իշխանությունն այսօր չկարողացան գալ այդ  համաձայնությանը։ Ընդդիմության առաջարկը 4 կողմ, 7 ձեռնպահ ձայնով չընդունվեց։

Կարդացեք նաև

Back to top button