
Տարիների դադարից հետո սեպտեմբերի 4-ին առաջին անգամ Երևանում վայրէջք է կատարել Հալեպից Երևան ժամանած օդանավը։ 9 տարի շարունակ Երևանից Սիրիայի ամենահայաշատ կենտրոն՝ Հալեպ, և հակառակ ուղղությամբ օդային ուղիղ ճանապարհը փակ էր։ Այժմ օդային փոխադրումը կկազմակերպվի շաբաթը մեկ անգամ, ինչը մեծապես կարևորվում է թե այդ երկրում գտնվող հայերի տեղափոխման ապահովման, թե մի շարք այլ առումներով։
Սիրիահայ Անի Զեյթունցյանը 5 տարի առաջ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում, հարազատները մնացին Հալեպում։ Այս տարիներին այցելել է նրանց ու ամեն այցի ընթացքում լուրջ խնդիրներ նկատել։
«Դամասկոսեն մինչև Հալեպ երթալը բավական բարդ հարց է, որովհետև հինգ ժամ կտևէ և ժողովուրդին համար նյութական կապակցությամբ դժվար է, և գիշերով մարդիկ պիտի ճամփորդեն, բավական դժվար է»։
Վերջին այցը 2 շաբաթ առաջ էր։ Անին ծնողներին հասնելու համար դեռ ստիպված էր Երևան-Դամասկոս-Հալեպ ճանապարհն անցնել։ Մինչդեռ այսօր նույն օդանավով ուղիղ չվերթ ունի ուղիղ Հալեպ․
«Սեպտեմբեր 4-ը շատ սպասված օր էր հալեպահայության և, ընդհանրապես, սուրյահայության համար, որովհետև առաջին անգամ պատերազմեն վերջ 9 տարի հետո իրականացավ առաջին թռիչքը Հալեպ-Երևան-Հալեպ։ Ասկե հետո սուրյահայերը անհամբեր կսպասեին այս օրվան։»։
Թռիչքն իրականացնում է Cham Wings ավիաընկերությունը։ Հայաստանում ավիաընկերության գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը տեղեկացնում է, որ Հալեպից Երևան ժամանած առաջին ինքնաթիռը 147 ուղևորի է տեղափոխել։
Այս նախաձեռնությունը երկու երկրները տարիներ շարունակ համարում էին կարգավորման ենթակա հարց։ Նախորդիվ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել էր խնդրին՝ հատուկ շեշտելով Հալեպում առկա անմխիթար իրավիճակը․
«Առաջնահերթություն եմ համարում լիբանանյան համայնքի խնդիրների լուծման հարցը․ այս պահին այնտեղ վիճակը շատ վատ, գրեթե անհուսալի է։ Մարդիկ չունեն էլեկտրականություն, չունեն ջուր, ունենք հազարավոր հայ չքավորներ և դրան պետք է լուծում տալ։ Մենք անպայման պետք է վերադառնանք հայրենադարձության գործընթացին ու կարողանանք հնարավորինս շատ լիբանանահայերի բերել Հայաստան։ Նորից վերադառնում ենք այն ծրագրին, որն ունեինք մինչ պատերազմը․ բնական է, որ մեր պետության ֆինանսական վիճակը մի քիչ այլ է, քան անցյալ տարի այս ժամանակ էր, բայց, ամեն դեպքում, սա արդարացում չի կարող լինել։ Մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել սարսափելի պայմաններում, ինքներս շատ շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ հայեր գան ու բնակվեն Հայաստանում»։
Զարեհ Սիմոնյանի մատնանշած անհուսալի վիճակը Անի Զեյթունցյանն իր աչքով է տեսել։ Հատկապես դա հաշվի առնելով է արժևորում ուղիղ չվերթի գործարկումը․
«Ես գացած էի անձնական պատճառով՝ հորս հիվանդության պատճառով, հիվանդանոցին մեջ էր, երբ հասա իրեն տեսնելու համար, և շատ դժվար էին պայմանները։ Հիվանդանոցին մեջ նույնիսկ էլեկտրականությունը որոշ անջատումներով կրնար։ Պատկերացուցեք, որ հիվանդը կապված է սարքերուն, և էլեկտրականությունը անջատին։ Այդպիսի դժվար ու վտանգավոր պայմաններուն մեջ է ժողովուրդը»։
Ասում է՝ հիմա արդեն, անգամ Հալեպ այցելելու պլաններ չունենալով, իրեն հանգիստ է զգում․ ցանկացած պահի կարող է հասնել հարազատներին, այնտեղ բնակվող հսկայական հայ համայնքն էլ անկառավարելի վտանգի դեպքում կարող է ավելի հեշտ հասնել հայրենիք։
Այս պահին ընկերությունը պլանավորում է չվերթն իրականացնել շաբաթը մեկ անգամ։





