ԿարևորՄշակույթ

Կորսված դրախտից վերադարձ Ավետյաց երկիր

Փառատոնները վերածվել են ինքնահաղթահարման ակցիաների․ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի բացումը հոկտեմբերին Երևանում կտրվի արդեն 18-րդ անգամ, կարևոր է հենց այս տեսանկյունից՝ ասում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրա խոսքով՝ հետպատերազմյան իրավիճակում մշակութային միջոցառումները հաստատում են կյանքի շարունակականությունը, իսկ «Ոսկե ծիրան»-ն ապացուցում է, որ կարևոր գործընթացները չեն ընդհատվում։

«Փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որն օգնում է հասկանալ, թե տարբեր պատմական իրողություններում և շրջաններում ինչպես են հանրությունները հաղթահարում ճգնաժամերը, այսինքն՝ մենք ֆիլմերի միջոցով ուղենիշեր  ենք տալու հանդիսատեսին, որ չթուլանա պետության և պետականության գիտակցումը, ավելանա պատասխանատվությունը պետության նկատմամբ»,-ասում է Արա Խզմալյանը։

«Ոսկե ծիրան»–ը տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Փառատոնը կհյուրընկալի միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչների, կցուցադրի տարբեր ժանրերի ֆիլմեր՝ ասում է «Ոսկե ծիրան»–ի գեղարվեստական  տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Նա հայտնեց, որ փառատոնի պատվավոր հյուրը լինելու է համաշխարհային կինեմատոգրաֆիստ, 20-րդ դարի կինոյի խոշորագույն սցենարիստ Փոլ Շրեդերը, որը «Տաքսու վարորդը», «Կատաղած ցուլ», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարի հեղինակն է:  Նրա մասնակցությամբ անցկացվելու են վարպետության դասեր: Փոլ Շրեդերին հանձնվելու է «Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում նշանակալի  ավանդի համար․

«Հանրապետության 30-ամյակն անմասն չի մնալու, ցուցադրելու ենք ֆիլմեր, որոնք պետականության ստեղծման ակունքներում են եղել։ Ցուցադրելու ենք 3 լիամետրաժ ֆիլմեր, Դավիթ Սաֆարյանի՝ «Կորսված Դրախտը», Վիգեն Չալդրանյանի «Տեր ողորմեան», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ Ավետյաց երկիրը»: Եթե նկատեք հերթականությունը՝ Կորսված դրախտ, Տեր ողորմեա  և Վերադարձ դեպի ավետյաց երկիր, պատահականություն չեն, այսպիսով նոր թեզ ենք առաջ քաշում»,-ասում է Կարեն Ավետիսյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանն ասում է, որ փառատոնի հյուրերից է լինելու նաև իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդը: Նրա վերջին՝ «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ կբացվի երևանյան փառատոնը։

«Այս ցանկում Կաննի կինոփառատոնը բացող ֆիլմեր կան, որոնցից է օրինակ Ասխար Ֆահրադիի «Հերոս կինոնակրը», ցանկը մեծ է  և դեռ լրացվելու է, դրանց մասին հետագա ասուլիսի ընթացքում կներկայացնենք»,-ասում է Վարյա Հովհաննիսյանը։

Փառատոնի պատասխանատուները նշեցին, որ այս անգամ «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերը  ոչ միայն «Մոսկվա» կինոթատրոնում, այլև Կինոյի տանն են ցուցադրվելու։

Կարդացեք նաև

Back to top button