
Պետական բուհերը պատրաստ չեն ընդունելու 44-օրյա պատերազմին մասնակցած ու վիրավորված նախկին զինծառայողներին։ Դիտարկումը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական» կենտրոնինն է․ «Զինվորի տան» կրթական և սոցիալական ներառման ծրագրերի համակարգող Նունե Բալյանն ասում է՝ անցնող տարվա ընթացքում ուսումնասիրություն են իրականացրել, դիտարկել բոլոր պետական բուհերն ու արձանագրել:
«Գրեթե բոլոր պետական բուհերը մատչելի չեն սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բուհերը դասակարգել կարող ենք միայն ըստ ավելի վատ, շատ ավելի վատ կատեգորիաների․ օրինակ, կան բուհեր, որոնց դեպքում շենք մտնել հնարավոր է, բայց լսարաններ հասնել՝ ոչ: Օրինակ, Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, կամ Երևանի պետական համալսարանում գրեթե անհնար է, որ վիրավոր ուսանողը մտնի շենք և կարողանա հասնել լսարանին»,- ներկայացնում է Նունե Բալյանը։
Խնդիրը լուծելու համար «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» բազմիցս դիմել է տարբեր գերատեսչությունների՝ քաղաքապետարանից մինչև ԿԳՄՍ նախարարություն․ խնդրի ուղիղ հասցեատիրոջը գտնել չի հաջողվում, իսկ բուհերում լուծումը առցանց կրթության մեջ են տեսնում, որը սակայն, ըստ Նունե Բալյանի, լավագույն լուծումը չէ։

«Այսինքն, այդ ուսանողները հնարավորություն չունեն գնալ, շփվել կուրսեցիների հետ, օգտվել այն բոլոր հնարավորություններից, որ ունեն իրենց կուրսընկերները, օրինակ, դասերից հետո ժամանակ անցկացնել, կամ դասամիջոցներին շփվել, քննարկել։ Այստեղ ոչ միայն կրթության հարցն է, այլ նաև սոցիալականացման, որը զգալի տուժում է շենքային պայմանների ու առկա կրթության հնարավորության բացակայության պատճառով»։
Սեյրան Սողոյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում։ Պատերազմում ողնաշարային ծանր վիրավորում է ստացել, բայց որոշել է․ անպայման շարունակելու է ուսումը՝ նաև պատերազմում զոհված կուրսընկերոջ փոխարեն։
«Մի ընկեր ունեմ, որի հետ ուսանողական շատ լավ տարիներ ենք անցկացրել, ցավոք սրտի, հիմա ինքը մեզ հետ չէ, բայց շատ է խոսել ինձ հետ իր նպատակների, ցանկությունների մասին, ու ես հիմա հատկապես ուզում եմ սովորել՝ նաև իր նպատակներն ու իղձերը իրականացնելու համար, և ոչ միայն իր, այլ բոլոր այն տղաների, որոնք չհասցրին սովորել»,– ասում է ուսանող Սեյրան Սողոյանը։

Սեյրանը նոր՝ 2021-2022 ուսումնական տարին հենց ԵՊՀ–ում է սկսել։ Չնայած բուհն ամբողջությամբ հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցողների կարիքներին, բայց «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական» կենտրոնի ու բուհի աշխատակիցների օգնությամբ կարողացել է առկա ձևաչափով դասապրոցեսին մասնակցել։
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական» կենտրոնում, սակայն, բուժում ստացող շուրջ 20 զինվորներ կան, որոնք սովորում են բուհում, ստիպված են հաճախ դասերին տնից մասնակցել։ Նունե Բալյանն ասում է՝ տարեցտարի այս թիվն աճելու է․
«Պատրաստվող, այսինքն, պոտենցիալ ուսանողները շուրջ 50–ն են, որոնք պատրաստվում են և մյուս տարի բուհերում ընդունելության քննությունների են մասնակցելու»։
ԵՊՀ–ում ներառական կրթության ապահովումը նոր ռազմավարության հիմնական դրույթներից մեկն է՝ ասում է ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասիրյանը։ Դեռ 2020թ–ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաման է ստորագրել, ըստ որի տեսողական, լսողական և հենաշարժողական առանձնահատկություններով պայմանավորված՝ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին լրացուցիչ օժանդակություն է տրամադրվում․

«Յուրաքանչյուր նման ուսանողի կցվում է դասախոս, որն օգնում է դասապրոցեսին ավելի հեշտ ինտեգրվել։ Նաև լրացուցիչ պարապունքներ են կազմակերպվում, ուղեկցումն ենք ապահովում, եթե դա անհրաժեշտ է»,– ասում է ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասիրյանը։
Ինչ վերաբերում է հատուկ ենթակառուցվածքներին, պրոռեկտոր Ասիրյանը նշում է՝ ԵՊՀ որոշ մասնաշենքեր մասամբ հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցողների կարիքներին, բայց ոչ բոլորը։ Վերջերս միջազգային հարաբերությունների ֆակուլտետում նոր թեքահարթակ են կառուցել, նախատեսում են առաջիկա 5 տարվա ընթացքում բոլոր մասնաշենքերը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Շարունակվում է նաև պետական բյուջեի միջոցներից 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ արցախյան վերջին պատերազմին մասնակցած և զորացրված շուրջ 4200 ուսանող արդեն ուսման վարձի փոխհատուցում է ստացել։ Ըստ հաշվարկի՝ կառավարության որոշումը վերաբերում է շուրջ 7000 ուսանողի։ Ուսման վարձի փոխհատուցումը կշարունակվի 2022-ին էլ, քանի որ պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողերից ոչ բոլորն են զորացրվել:




