ԿարևորՀասարակություն

Գայթակղիչ` տնտեսվարողների, վտանգավոր՝ բնության համար․ նախարարությունը հորդորում է չաճեցնել պավլովնիա

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից։ Հորդորը վերաբերում է հատկապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերին։ Այստեղ,  խոնավ կլիմայով պայմանավորված,  պավլովնիան ավելի լավ է աճում։

Զգուշացման առիթը ծառատեսակի բարձր ինվազիվությունն է։

 «Ռադիոլուր»-ի  զրուցակիցը  «Բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա» մասնագիտությամբ ասպիրանտ Հասմիկ Վարդումյանն է։

Պավլովնիան  Հայաստան սկսել են ներմուծել շուրջ 7 տարի առաջ, զրուցակցիս խոսքով՝ վերջին շրջանում՝ առավել ինտենսիվ։

Մեծ կենսազանգված կուտակող ծառատեսակ է՝  մինչև 25 մ բարձրությամբ, վրանաձև սաղարթով, հաստ ճյուղերով։ Համարվում է տեխնիկական բուսատեսակ։ Հայրենիքը Չինաստանն է։ Հայաստանում աճեցման հիմնական հետաքրքրությունը բնափայտն է՝ ասում է Հասմիկ Վարդումյանը։

«Տնտեսվարողներին, ֆերմերներին շատ է հետաքրքրում պավլովնիան, որովհետև բնափայտը լավն է, որակյալ է, ծառը արագ է աճում, բարձրությունը 15-20 մետր է, դիամետրը 0.6 մետրից-1 մետր է, այսինքն՝ պատկերացրեք որքան բնափայտ է տալիս և ինչքան արդյունավետ է աճեցումը»։

Պավլովնիան նաև այլ կիրառություն ունի․ ծառի սերմերի մեջ կուտակվող յուղն օգտագործվում է թղթի վերամշակման, լաքապատման մեջ, իսկ բնափայտը Հայաստանում կիրառվում է հիմնականում կահույքագործության մեջ, հարմար է ձկնորսական կարթեր կամ երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Բայց ծառի աճեցումն ունի նաև ինվազիվության ռիսկ, ինչը փորձում է հիմա պարզել Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ձայն«Տնտեսվարողները հիմա փորձում են ինչ-որ տարածքներում աճեցնել պավլովնիան, բայց դա կարող է տարածվել և դուրս մղել տարածքի մյուս բուսատեսակներին, հատկապես ռիսկային է անտառային գոտում աճեցնելը, որովհետև պավլովնիան բարձր ծառ է, ստվեր է առաջացնելու և լուսասեր տեսակների ճնշում, դուրս մղում կարող է տեղի ունենալ, այսինքն՝ ծառը կենսաբազմազանության համար որոշակի խնդիրներ է առաջացնում»։

Նախարարությունը Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։ Քանի դեռ վերջնական եզրակացություն չունեն,  հորդորում են դադարեցնել պավլովնիայի աճեցումը։

Շրջակա միջավայրի համար, այսպես ասենք, վտանգավոր բուսատեսակների ցանկն այսքանով չի սահմանափակվում։  Ահազանգերից մյուսն էլ   «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից է։ Ուսումնասիրությունը փաստել է, որ վնասակար  բույսերի խտությունը մեծ է հատկապես այն տարածքներում, որտեղ ջրային գոտիներ ու աղբավայրեր կան։ Օրինակ՝  Երևանյան լճի ափամերձ հատվածում՝ շուրջ 15 հեկտար տարածքում, վնասակար բույսեր են աճում, որոնցից յուրաքանչյուրը տարեկան գոլորշիացնում է 300 լիտր ջուր։

ՀՈԱԿ–ի փոխտնօրեն Գևորգ Կարապետյան

Ձայն «Այդ բույսերը եղեգներն են, ժողովրդական լեզվով ասած՝ ղամիշները, դրանց ներսը դատարկ է, տարեկան շատ ջուր են կլանում ու գոլորշիացնում։ Դրանք նաև Հրազդան գետի ափամերձ հատվածներում են, աճում են աղբի վրա ու էական վնաս հասցնում ջրի պաշարներին»։

Գևորգ Կարապետյանի խոսքով՝ 2022 թվականին Հրազդան գետի և Երևան լճի ափամերձ հատվածները մաքրված կլինեն եղեգներից ու աղբից։ Այդ տարածքները մաքրելու ծրագիրն Երևանի   ավագանին արդեն հաստատել է։ Փաստաթուղթն այժմ շրջակա միջավայրի նախարարությունում սպասում է  բյուջեի հաստատմանը։

Կարդացեք նաև

Back to top button