ԿարևորՀասարակություն

Երևանի պատմության թանգարանից բացառիկ նմուշներ ուղևորվեցին Արագածոտն

Երևանի պատմության թանգարանից 13 բացառիկ էքսպոնատ՝ մեկ տարի ցուցադրության ժամկետով ուղևորվել է դեպի Արագածոտնի մարզ:  Երևանի Պատմության ու Հայաստանի Գինու պատմության թանգարանները փոխգործացության հուշագիր են կնքել պաշտոնականցնելով արդեն երկարամյա համատեղ աշխատանքը:

Մի թասը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացիր՝ երրորդը ցավ է:

Խոսքը, իհարկե, գինու մասին է։ Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքի» մի ողջ բաժին նվիրել է գինու իրավարարչությանը։ Օրինակ՝ հստակ գրված է, թե ինչ պատիժ էր հասնում այն սելվորին, որը եզները խմած կքշի, կամ ինչ պատժի կարժանանա ամուսինը, ով գինովցած կծեծի կնոջը։

Պատիժ սահմանված էր նաև այն մարդու համար, ում կենդանին կմտներ հարևանի այգի ու կփչացներ բերքը։ Այս ողջ պատմությունը զարդաքանդակներով պատկերված է Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում։ Դրա կրկնօրինակը քանդակված է  Հայաստանի Գինու Պատմության թանգարանի Կամարաշեն հատվածում։

Մեկ ամիս անց այստեղ՝ Արագածոտնի մարզում, կբացվի գինու պատմության թանգարան։ Տասը բաժնից կազմված նորաբաց հարթակում ներկայացվելու են գինու ծագումն ու զարգացումը։ Իսկ մինչ այդ՝ թանգարանի տնօրինությունը մեկտեղում է ցուցանմուշներ, որոնք անմիջական կապ ունեն գինու հետ։

«Վաղեմի ընկերներ» Երևանի պատմության թանգարանը և Հայաստանի Գինու Պատմության թանգարանն իրենց ընկերությունն ամրապնդում են հուշագրով՝ թանգարանային  նմուշների տրամադրման մասով։ Իսկ մինչ հուշագրի ստորագրումը՝ աշխատակիցները Երևանի պատմության թանգարանի բակում զգուշությամբ փաթեթավորում են ուրարտական ժամանակաշրջանի  բացառիկ էքսպոնատներ՝  կարասներ, սափորներ, տաշտեր,պաշտամունքային հուշարձաններ՝ ֆալոսներ։ Մեկ տարի այդ ցուցանմուշները «հյուրընկալվելու» են Հայաստանի գինու թանգարանում։

Երևանի Պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյան․ «Հազարամյակների պատմություն ունեցող ցուցանմուշներ են․ երկրորդից առաջին հազարամյակներ թվագրվող քարե կուռքեր և մոտ 3000 տարվա պատմություն ունեցող ցուցանմուշները, որոնք վկայում են, որ Հայաստանում գինին որպես մշակույթ գոյություն է ունեցել  հնագույն ժամանակներից»։

13 բացառիկ էքսպոնատները հատուկ ուղեկալներով Երևանից տեղափոխվեցին Արագածոտն։ Ցուցանմուշները բացառիկ նշանակություն  ունեն համաշխարհային պատմության մեջ: Դրանց տեղափոխումը մեկ նպատակ ունի՝ հանրահռչակել  ու բացահայտել հայկական գինու երթուղին․ Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյան․

«Սա առաջին գործակցությունն է։ Թանգարանից բերված  առարկաների թվում մի քանի նմուշ կա, մասնավորապես, Կարմիր բլուրից բերված կարասներ։ Ու բացառիկ հնարավորություն ունենք՝  ներկայացնելու այդ կարասները, սափորները, տաշտերը ու քարե կուռքերը (ֆալոսներ):»:

Քաղաքակրթության խորհրդանիշ գինին ոչ միայն կենցաղային ու ծիսական նշանակություն է ունեցել, այլև գործածվել է բժշկության մեջ: Թանգարանի բաժիններից  մեկում տեղադրվելու են ձեռագրեր՝ բերված Մատենադարանից, որոնք վկայություններ են՝ ավանդական դեղատոմսերում գինու ու իրավարարության մասին։

Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն․ «Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու 6000-ամյա գինու պատմությանը՝ սկսած այն փաստերից, թե Հայաստանի որ տարածքից է  գտնվել  խաղողի ամենահին կորիզը։ Շատ փակագծեր այս պահին չեմ ուզում բացել, որ հետաքրքիր լինի զբոսաշրջիկներին»:

Թանգարանի տեղանքը պատահական չի ընտրվել: Արագածի ստորոտը խաղողագործության հնագույն կենտրոններից է։

Կարդացեք նաև

Back to top button