
11-15 տարեկան 20 դեռահասներ, որոնց ընտանիքներն ունեն 44-օրյա պատերազմում զոհված և ծանր վիրավորում ստացած անդամներ, օրերս են վերադարձել Լեհաստանից։ Նրանք այցելել են պատմամշակութային, ժամանցային վայրեր, ունեցել բազմաթիվ հանդիպումներ։ Որքան էլ Լեհաստան այցելությունը հաճելի էր ու կարևոր, երեխաները կարևորագույն ձեռքբերումը համարում են Հայաստանի հզորացումը։
Հովհաննեսը, Արծվիկը, Էդմոնդը, Սերինեն ու ընկերները նոր են վերադարձել Լեհաստանից։ 11-15 տարեկան 20 դեռահասները Շիրակի և Կոտայքի մարզերից են։ Հանրային ռադիոյում կիսվում են Լեհաստան այցից վառ տպավորություններով։ Նաև ընկերներ են ձեռք բերել, բայց ոչ նոր ընկերները, ոչ շրջագայությունը չեն կարող պատերազմի առաջացրած բացը։ Նրանք 44–օրյա պատերազմի ընթացքում կորցրել են հորը, եղբորը, հասցրել նաեւ գերությունից վերադարձող եղբորը դիմավորել։ Նաև ծանր վիրավորում ստացած զինծառայողների հարազատներ են։

Անցյալը հետ չեն բերի, բայց ապագան կարող են փոխել՝ զրույցում ձեւակերպում են հենց իրենք՝ երեխաները։ Զրույցը երբեմն դժվար է ընթանում, մտքերը երբեմն դժվար են դասավորվում։ Բայց դրանք հասուն են։ Հաստատակամ։ Գիտեն՝ իրենց հայրերն ու եղբայրները հայրենիքի համար են զոհվել։ Հետ չեն բերի։ Ցավում են, բայց հստակ գիտակցում՝ հայրենիքն արժանի է։ Միայն թե դրա համար համախմբվածություն է պետք՝ կարծում են․

«Պատերազմը մի վրձնով փոխեց մեր յուրաքանչյուրի կյանքի գույները։ Պետք է համախմբվեն, որ կարողանանք պայքարել»։
«Իմ ապագան պատկերացնում եմ ծառայելով ու մեր դիրքերը պահելով»։ «Հայաստանի խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ հայերն իրենց հույսը դրեցին ուրիշների վրա, բայց ոչ ոք չի մտածել, որ պետք է ինքն իրենից սկսի»։

«Կուզենայի փոխել Հայաստանի դիվանագիտությունը,տնտեսությունը, եթե մենք ուժեղացնենք մեր տնտեսությունը, կուժեղացնենք նաև բանակը»։
«Գումարներն անիմաստ վատնելու փոխարեն հզոր զենքեր պետք է գնենք, եթե Աստված չանի, պատերազմը կրկնվի, կարողանանք պաշտպանվել»։
«Մենք էլ կարող ենք ստեղծել հզորագույն զենքեր, որ աշխարհը մենից կախված լինի։ Ես չեմ ուզում, որ Հայաստանից գնան։ Ես ընտրել եմ մասնագիտություն, որ ապագայում ինքս կարողանամ զենքեր ստեղծել, որոնք օգուտ կտան աշխարհին, իսկ մենք հետ ենք բերելու բոլոր հողերը։ Մենք պարտք ենք մեր եղբայրներին, եւ ես չեմ մտածում Հայաստանից դուրս գալու մասին»։

Ռազմական տեխնիկա ստեղծողից մինչև թարգմանիչ և պարզապես հայտնի մարդ։ Այս պատանիներն իսկապես շատ մեծ ծրագրեր ունեն, իսկ պատերազմը նրանց ոչ թե թուլացրել է, այլ ավելի ուժեղ դարձրել, ավելի իրատես։ Վստահ են՝ հենց իրենք են կերտելու վաղվա Հայաստանը, միայն թե որոշ փոփոխություններ են անհրաժեշտ, և այդ փոփոխությունները պետք է սկսել կրթությունից․
«Կփոխեի նախ կրթական համակարգը։ Շատ առարկաներ կան, որոնք նախ պետք է ներմուծվեն կրթության մեջ։ Օրինակ՝ հոգեբանությունը։ Ցանկացած երեխա պետք է փոքր տարիքից պետք է տեղյակ լինի իր հոգեկան աշխարհի մասին»։ «Հիմա բոլորը պետք է սովորեն, որ Հայաստանը դառնա ավելի զարգացած երկիր»։
«Ես կցանկանայի, որ մեր դպրոցում ռուսերենից ու անգլերենից՝ բացի այլ լեզուներ էլ լինեին, լեզուներն ավելի շատ իմանալու և խոսակցականը զարգացնելու համար»։
«Հայաստանի դպրոցներից շատերում լաբորատորիաներ չկան։ Մենք կարդում ենք գրքով,սովորում, բայց փորձեր չենք անում»։
«Այն զենքերը, որոնց վրա մենք գումար ենք ծախսել և գնել ենք, կներդնեի կրթության մեջ, որպեսզի մենք մեր ռազմատեխնիկան ստեղծեինք»։

Այս պատանիներից յուրաքանչյուրը հասցրել է ինքն իր համար նաև պարտության պատճառները վերլուծել։
«Միակ զենքը, որ ունեինք, մեր տղերքն էին, որոնք կռվել են եղանով, փոցղով, ավտոմատով՝ ԱԹՍ–ի դեմ։ Ինչի համար ենք պարտությունը տանուլ տվել, որովհետև ամեն մի հրամանատար չի կարողացել ղեկավարել իր զորքը, ինչպես նաև դավաճաններ են եղել»։
Հրամանատարների հետ նաև դավաճաններին հիշատակելը վիրավորեց Մերիին։ Նրա հայրն էլ հրամանատար էր, ասում է՝ նա մինչև վերջ պայքարել է և ընկել՝ որպես իսկական հերոս․
«Իմ հայրիկը հենց հրամանատար էր, և իր գործը շատ փայլուն էր կատարում։ Նա պահպանել է Մարտակերտը, և այսօր լրանում է 10 ամիսը, որ հայրիկս էլ մեր հետ չէ։ Ես ցանկանում եմ, որ հրամանատարների մասին խոսելուց մի փոքր զգույշ խոսեն»։

Պատանիները միակարծիք են՝ ովքեր զոհվել են հայրենիքը պաշտպանելիս, նրանց պետք է հիշել հպարտությամբ ու խոնարհումով։
Լեհաստանում անցկացրած 12 օրում երեխաները եղել են 10 քաղաքում։ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը հայտնեց, որ հանդիպումներ են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հյուրընկալվել Լեհաստանում Հայաստանի դեսպանին։ Այցը կայացել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահի ու Լեհաստանի ազգային պաշտպանության նախախարության ջանքերով եւ նախաձեռնությամբ։




