ԿարևորՔաղաքական

Միջազգային պայքար՝ տարածաշրջանի համար․ միջնորդներն ակտիվանում են

Մոսկվայում այսօր միանգամից մի քանի հանդիպման շրջանակում օրակարգի թիվ մեկ հարցն արցախյան հիմնախնդիրն  ու Հայաստանի սահմանային լարվածություննեն։  Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային լարվածության վերջին 2 ամսվա ընթացքում այսօր առաջին անգամ հանդիպում են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։  

Ուշագրավ է, որ այս հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարարությունում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցչի հանդիպումը: Այս ամենն ուղեկցվում է նաև տարածաշրջան արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների այցերով և նոր ծրագրերով։  Իսկ մինչ այդ մամուլում հարց է հնչում՝ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարվածության ավելացումն արդյո՞ք ուղիղ կապ ունի Պուտին-Ալիեւ հանդիպման հետ, եւ սա Բաքվի կիրառած միջոցներից է՝ ավելին կորզելու։

Փաշինյան–Պուտին մոսկովյան հանդիպումից հետո՝ կայացած մոտ երկու շաբաթ առաջ, գրեթե նույն օրակարգով այս անգամ հանդիպում են Պուտինն ու Ալիևը։ Արդյունքների մասին խոսելը վաղ է, բայց վերլուծաբանների աչքից չեն վրիպում անգամ մանրուքները։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում պատերազմից հետո և հանդիպումից առաջ դիվանագիտական փոփոխված ձևակերպումների վրա․

«Ռուսաստանի քաղաքականությունը բարդ է։ Օրինակ՝ երեկվա հայտարարության մեջ, որ Ալիևը գնում է Ռուսաստան՝ հանդիպելու Պուտինի հետ, ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ Ադրբեջանը ձևակերպված էր որպես ռազմավարական գործընկեր։ Երբեք նրանք այդպիսի ձևակերպում չեն տվել։ Հիշո՞ւմ եք, ասում էին Հայաստանը ռազմավարական գործընկեր է, Ադրբեջանը շատ մոտ գործընկեր է։ Հիմա առաջին անգամ իրենք օգտագործում են փոխված ձևակերպում։ Ինչքան ես հասկացա՝ այս պատերազմի ընթացքում Ռուսաստանը փոխեց իր ռազմավարական ընկերոջը Հարավային Կովկասում, ռազմավարական գործընկեր այսօր համարում է Ադրբեջանին, ու ես չեմ բացառում, որ այս այցելության ժամանակ Պուտինն Ալիևի հետ կքննարկի՝ ինչպես անել, որ Հարավային Կովկասում միայն Ռուսաստանը և Թուրքիան տիրեն։ Ես կարծում եմ՝ գլխավոր միտքը դա կլինի քննարկման, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում, որ այլ խաղացողներ տարածաշրջան մտնեն»։

Այլ այսպես ասած «խաղացողները», սակայն, փորձում են մտնել տարածաշրջան և դա ակնհայտ է ինչպես վերջին, այնպես էլ առաջիկայում ծրագրվող այցերից ու հայտարարվող լայնածավալ ծրագրերից։ Տարածաշրջանային իր այցն ավարտեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Վերլուծաբանները հստակ մեսիջներ են նկատել, որոնցից առանձնացնում են հատկապես ԵՄ աննախադեպ ֆինանսական աջակցության համեմատությունը․ Հայաստանին՝ 2 միլիարդ 600 միլիոն եվրո, Ադրբեջանին՝ 150 միլիոն եվրո։ Ընդ որում՝ Հայաստանին վերջին ծրագրով ուղղվող միջոցները գերազանցում են նախորդ տարբեր ծրագրերով տրամադրված բոլոր միջոցները համատեղ․ Այստեղ կա ակնհայտ քաղաքական ենթատեքստ, նկատում է Ստեփան Գրիգորյանը։

Ռուսական լրատվամիջոցները նույնպես ենթատեքստեր նկատում են։ «Московкий Комсомолец»–ն անգամ գրել է, որ իրենց տեղեկություններով՝ Ֆրանսիան փորձում է վերադառնալ և Հայաստանն իր համար դարձնել «ֆորպոստ»։ Հայաստանի վերլուծական դաշտում կարծում են, որ անհանգստությունը կապված է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի՝ Հայաստան սպասվող այցից։ Միջազգային անվտանգության եւ համագործակցության հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կանի հայտարարություններ որպես ՄԽ համանախագահ։

«Հնարավոր է՝ չճանաչվեն արցախյան 44–օրյա պատերազմի գործարքի տարրերը, այդ թվում և՝ Շուշիի օկուպացիան։ Սա է անհանգստությունը, որ պատերազմից հետո հնարավոր է ռիսկեր ստեղծվեն 44–օրյա պետերազմի հետեւանքների թեկուզ և մասնակի հետշրջման ուղղությամբ։ Իսկ այդտեղ Հադրութի խնդիր կա, Սյունիքի խնդիր կա, Արցախի կարգավիճակի հարց կա, Շուշիի խնդիր կա։ Այս բոլորն ակնհայտորեն գիտակցում են»։

Մինչ տարածաշրջանում խոշոր խաղացողների ազդեցության գոտիներն են վերաձեւավորվում, եւ փորձ է արվում շրջանցել շահերի բախումները, իրավիճակն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությամբ՝ Հայաստանի հետ շփման գծի միանգամից 4 ուղղությամբ։ Սահմանային լարվածության 2 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպում են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

Իսկ մինչ այդ ԵՄ–ն իր մտահոգությունն արդեն հայտնել է հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Երասխի հատվածում փոխհրաձգության դեպքերին արձագանքել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը։ Իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկնել է զսպվածության, ուժերի տարանջատման և սահմանային հարցերով առանց նոր կորուստների կառուցողական երկխոսության կոչը՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում Հայաստանին անհրաժեշտ է բազմավեկտոր քաղաքականություն։ Առաջին քայլերի նախադրյալները նա տեսնում է․

«Պետք է աշխատենք աշխարհի հետ՝ բոլոր խոշոր խաղացողների և առաջին հերթին ԵՄ ու ԱՄՆ հետ։ Ում շահերը ավելի մոտ են Հայաստանի շահերին; Ու հիմա մենք դա տեսնում ենք։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր, ինչքան կարող ենք շատ գործընկերներ բերենք տարածաշրջան։ Դա կլինի Իրանը, դա կլինի ԵՄ–ն, դա կլինի ԱՄՆ–ն, դա կլինի Հնդկաստանը՝ նշանակություն չունի, ինչքան շատ ուժեղ «խաղացողներ» բերենք տարածաշրջան, այդքան մեզ ձեռնտու է»։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միջնորդավորված ուղերձներ հղեցին։ Փաշինյանը հայտարարեց, որ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է, Ալիևը հակադարձեց, թե հակամարտությունն արդեն լուծված է և կրկին հնչեցրեց խաղաղության վերաբերյալ իր կեղծ թեզերը։  

Ռուսաստան–Ադրբեջան նախագահների հանդիպումից ժամեր առաջ մեկ այլ ուշագրավ հանդիպում է կայացել Մոսկվայում՝ արտաքին գործերի նախարարությունում։ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերագործարկելու խոսակցություններից հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցչի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունը սահմանափակվում է այսնքանով, այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն սա վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի միջազգային միջնորդների առաջին հանդիպումն է Արցախյան վերջին պատերազմից հետո ու այս առումով արդեն ուշագրավ է։

Կարդացեք նաև

Back to top button