
Նպատակ ունենալով վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսության նյութի մատուցման կարևորագույն միջոց, հայերենի տարբեր բարբառներով ու խոսվածքներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը արդեն տասնմեկ տարի է անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով բարբառների մարզային մրցույթ-փառատոն:
Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Փառատոնը մեկնարկել էր մայիս ամսին: Անցկացվել էին ներդպրոցական և տարածքային փուլերը, իսկ 2021 թվականի հուլիսի 15-ին «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում անցկացվել է փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են փառատոնի տարածքային փուլի 26 հաղթողները:
Մրցույթը ամփոփել է ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանը: Առաջին մրցանակին արժանացել է Գանձակ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վարսենիկ Ղուրշուդյանի կատարումը, ով Բայազետի բարբառով ներկայացրել է «Խինն ու թազեն տատիկի հաշկերով» մանրապատումը:
Երկրորդ մրցանակին արժանացել են Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սյուզաննա և Գոռ Դվոյանները, որոնք Բայազետի բարբառով ներկայացրել են Վ. Կատվալյանի «Մառթը կնիկ» զվարճապատումը:
Ժյուրիի որոշմամբ սահմանվել է չորս հատ երրորդ մրցանակ, որին արժանացել են Մարտունու Ս.Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշակերտ Զոհրաբ Ստեփանյանը, ով Մարտունու բարբառով ներկայացրել է «Իմ հրաշք» պատմությունը, Վահան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլինա Զարգարյանը, ով Ճամբարակի բարբառով ներկայացրել է հատված Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» պատմվածքից, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Համեստ Կարապետյանը, ով Բայազետի բարբառով ներկայացրել է Վ. Կատվալյանի «Մեր վախտ հուրիշ էր..» զվարճապատումը և Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի աշակերտներ Արփինե Աղաջանյանը, Մանվել Ափյանը և Կարեն Գյուլումյանը, որոնք Զագլիկի բարբառով թատերականացված ներկայացրել են «Չալ հավի բախտը» մանրապատումը:
Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հավաստագրեր, իսկ «Վորդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գավառի ՏԾ գրասենյակի կողմից՝ հոիշանվերներ:




