Հասարակություն

Գումար՝ բարոյականության դիմաց․ հերթական դրամաշորթությունը՝ գերիների և զինվորների անվան շահարկմամբ

Խոշոր դրամ շորթելու նպատակով մեկը գումար է հավաքում, իբր, զինվորների համար, մյուսը ծնողից գումար է վերցնում՝ անհետ կորած որդուն գտնելու նպատակով, երրորդն էլ  ներկայանում է որպես զոհված զինծառայողի բարեկամ ու ստում, թե զինվորի շիրմաքար դնելու փող է հավաքում։

Մեկ այլ դեպք էլ վերջին ամիսներին էր բացահայտվել։ Քաղաքացին անհետ կորած զինվորականի հորից խաբեությամբ՝ օգտվելով նրա հոգեբանական ծանր վիճակից, շորթել է 1500 ԱՄՆ դոլար՝ նշելով թե, անձնական կապերի միջոցով կարող է ճշտել, թե արդյո՞ք գերության մեջ է նրա տղան, թե ոչ։ Մյուս դեպքն էլ ԱԱԾ-ն հուլիսի 14-ին է բացահայտել, Երևանի երկու բնակիչ ֆեյսբուքում տարբեր օգտատերերի տվյալներով գրանցել են կեղծ անհատական էջեր, ներբեռնել լուսանկարներ և անհատական տվյալներ, կեղծ էջերի միջոցով 40 օգտատերերից գումարներ հափշտակելու դիտավորությամբ նամակագրություն են վարել վերոնշյալ օգտատերերի հետ և, ազդել նրանց գիտակցության վրա և զինվորներին գումար ուղարկելու կեղծ պատրվակով շորթել մոտ 4.000.000 ՀՀ դրամ։ Այս բոլոր քաղաքացիների նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը, սակայն անգամ երկաթյա ճաղերի հետևում հայտնվելու փաստը կեղծարարաներին չի վախեցնում։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը այս ամենը մեկ արտահայտությամբ է բնորոշում՝ «բարոյական անկում»․

«Բարոյական անկման մեջ ենք, իսկ այսպիսի սրիկայություններով զբաղվող մարդիկ ինչպե՞ս են կրթվել։ Ամենամատչելին էկրաններն են եղել, ի՞նչ են տեսել նրանք, տեսել են սերիալներ, որտեղ մտավորականը, մշակույթի մարդը կիսախելագարված, աղքա, չհարգված վիճակում է, իսկ գողական, հանցագործ, խաբեբա մարդիկ գեղեցիկ, թանկարժեք տներում են, հարգանք ու պատիվ են վայելում, հեշտ գումար են վաստակում, մարդը տեսնում է դա և համարում է, որ դա է կրկնօրինակման արժանի՝ խաբելը, հանցանք գործելը, հետո այդպես էլ վարվում է»,-ասում է Կարինե Նալչաջյանը։

Հասարակության կրթական, մշակութային մակարդակը գահավիժում է,- ասում է հոգեբանը։ Մարդկանց բառամթերքում ավելացել է հայհոյանքը, հանրային կերպով, հանրային վայրերում հայհոյում են բացեիբաց, անգամ կանայք, առնվազն 15 տարի առաջ նման երևույթը բացառվում էր։

«Ես ձեզ մի ապացուցված հոգեբանական ճշմարտություն ասեմ, ժողովրդի բարոյական կերպարը ածանցյալ է պետության առաջնորդների բարոյական կերպարի, այսինքն ինչպիսին տվյալ պետության բարձր դիրք գրավողներն են, այնպիսին էլ հասարակ մարդու վարքն է, առաջնորդների վարքի մոդելը դառնում է նույնացման օբյեկտ, մարդիկ իրենց սկսում են նրանց նման պահել»,-նշում է Կարինե Նալչաջյանը։

Բարոյական անկման այսպիսի վիճակում գտնվում են խարդախ մարդիկ, որոնք մտածում են՝ այս պահին այս ճանապարհն է հարմար խաբելու, սա էլ իրենց ֆինանսական հարցերը կազմակերպելու ձևն է, և որևէ սխալ բան չեն տեսնում իրենց արաքի մեջ, -ասում է հոգեբանը։ Նրա կարծիքով բարոյական կործանման այս վիճակից դուրս գալու համար բարոյական չափանիշներ պետք է սահմանվեն, օրենք պետք է սահմանվի, պատժելիության մեխանիզմը պետք է գործի, և առհասարա, կրթության և դաստիրականության հարց պետք է լուծվի, կարծում է հոգեբանը։

Կարդացեք նաև

Back to top button